
Արմինֆո.Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամի աջակցությամբ հայկական 10 գինեգործական ընկերություններ հունիսի 4-9-ը մասնակցել են «Baltic Wine Trip and CBI See Wine Conference» գինեգործական միջոցառմանը: Այն մեկնարկել է Էստոնիայի մայրաքաղաք Տալլինում և շարունակվել Բալթյան երեք երկրներում՝ Լատվիայում, Լիտվայում և Էստոնյայում:
Միջոցառումը նախաձեռնել էր Նիդերլանդների արտաքին գործերի նախարարության՝ Զարգացող երկրներից արտահանման խթանման կենտրոնը (CBI ) շահառու 4 երկրների՝ Հայաստանի, Վրաստանի, Մոլդովայի և Մակեդոնիայի հետ համագործակցության շրջանակում: «Baltic Wine Trip and CBI See Wine Conference»-ն ուղղված է վերոհիշյալ երկրների գինիների միջազգային ճանաչելիության բարձրացմանն ու արտահանման աշխարհագրության ընդլայնմանը։
Միջոցառման շրջանակներում հունիսի 4-9-ը Տալլինում, Վիլնյուսում և Ռիգայում կազմակերպվել են հայկական գինիների շնորհանդես-համտեսներ և վարպետության դասեր՝ հրավիրված բարձրաստիճան հյուրերի, գինու փորձագետների, գնորդների և դիստրիբյուտորների համար: Հայկական խաղողի տեղածին սորտերից պատրաստված գինիները իրենց որակական հատկանիշներով և յուրօրինակությամբ մեծ հետաքրքրություն են առաջացրել այցելուների շրջանում։