Հինգշաբթի, 14 Հունիսի 2018 13:40
Նաիրա Բադալյան

Վարչապետն Անդրեյ Կոստինի հետ քննարկել է Հայաստանում ՎՏԲ բանկի գործունեության ընդլայնմանը վերաբերող հարցեր

Վարչապետն Անդրեյ Կոստինի հետ քննարկել է Հայաստանում ՎՏԲ բանկի գործունեության ընդլայնմանը վերաբերող հարցեր

Արմինֆո.  Աշխատանքային այցով Ռուսաստանի Դաշնությունում գտնվող վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային նախաճաշ է ունեցել ռուսական ՎՏԲ բանկի խորհրդի նախագահ Անդրեյ Կոստինի հետ:

 

Վարչապետը կարևորել է հայաստանյան ֆինանսական շուկայում ՎՏԲ բանկի ներկայությունն ու ակտիվ ներդրումային գործունեությունը տնտեսության տարբեր ճյուղերում:

 

Նիկոլ Փաշինյանը ներկայացրել է հայաստանյան գործարար միջավայրի և տնտեսության զարգացմանն ուղղված կառավարության առաջնահերթությունները և ընդգծել բանկային համակարգի, այդ թվում՝ ՎՏԲ-Հայաստան բանկի կողմից բիզնես հատվածի ազդակներին համարժեք արձագանքելու անհրաժեշտությունը:

Հանդիպմանը զրուցակիցները քննարկել են ՎՏԲ բանկի գործունեությունը Հայաստանի տնտեսության տարբեր ոլորտներում ընդլայնելուն վերաբերող հարցեր:

 

Ըստ ԱրմԻնֆո գործակալության`Հայաստանի Բանկերի Ֆինանսական Վարկանիշների, ՎՏԲ-Հայաստան Բանկը մանրածախ վարկավորման 90,4 մլրդ.դրամ ($ 186,8 մլն) ծավալով 2018 թվականի հունվարի 1-ի դրությամբ գտնվում է առաջատարների խմբում, արձանագրելով տարեկան 15.9% աճ: Բանկի ընդհանուր վարկային պորտֆելում մանրածախի մասնաբաժինը հասնում է 53%-ի: Իսկ մանրածախ վարկավորման ընդհանուր ծավալներում ՎՏԲ-Հայաստան Բանկի մասնաբաժինը կազմել է 11%:  Սպառողական վարկերի ծավալով բանկը գտնվում է 2-րդ տեղում - 77,2 մլրդ դրամ ($159,6 մլն) կամ վարկային պորտֆելի 46.6% -ը: Բանկի վարկային պորտֆելում սպառողական վարկերի ծավալը տարեկան կտրվածքով աճել է 23.3%: Սպառողական վարկավորման ընդհանուր ծավալում ՎՏԲ-Հայաստան Բանկի մասնաբաժինը շուկայում կազմել է ավելի քան 13%: