Արմինֆո. Ելնելով տնտեսական արդյունավետության և ներդրողների վստահության բարձրացման անհրաժեշտությունից՝ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ 2018 թվականի սկզբից ձեռնամուխ է եղել ընկերության կորպորատիվ կառավարման համակարգի զարգացմանը: Ինչպես հաղորդում է ընկերության մամուլի ծառայությունը, բարելավման հիմք են հանդիսացել ինչպես ՀՀ , այնպես էլ Մեծ Բրիտանիայի կորպորատիվ կառավարման կանոնագրքերի պահանջները:
«Կարևորելով կորպորատիվ կառավարման համընդհանուր ճանաչված ստանդարտներից և սկզբունքերից յուրաքանչյուրի (Արդարություն, Պատասխանատվություն, Թափանցիկություն, Հաշվետվողականություն) ապահովման անհրաժեշտությունը՝ Ընկերությունում նախանշվել են կորպորատիվ կառավարման կատարելագործման առաջնային հետևյալ չորս խնդիրները՝ ներքին նորմատիվա-իրավական շտեմարանի ստեղծում, որը կկարգավորի կառավարման մարմինների գործունեությունը, կառավարչական ընթացակարգերի իրականացման կարգը և կարևորագույն որոշումների ընդունումը, որպես բաժնետերերի շահերը ներկայացնող մարմին՝ Ընկերության տնօրենների խորհրդի աշխատանքների շարունակական բարելավում, որը նախանշում է Ընկերության երկարաժամկետ ռազմավարությունը և նրա իրագործումը Ընկերության ղեկավարության կողմից, ընկերության և նրա գործունեության վերաբերյալ տեղեկատվության բացահայտում՝ ապահովելով թափանցիկության համապատասխան մակարդակ, բաժնետերերի հետ կանոնավոր կապերի պահպանում՝ ապահովելով նրանց իրավունքների պաշտպանությունը և օրինական շահերը:
Նշված խնդիրների լուծման նպատակով՝ Ընկերությունը որպես խորհրդատու ներգրավել է Միջազգային ֆինանսական կորպորացիային (IFC) և իրականացնում է բոլոր անհրաժեշտ միջոցառումները արդյունավետ կորպորատիվ կառավարման համակարգ ներդնելու ուղղությամբ: Սա էապես կբարձրացնի Ընկերության վարկանիշն ու գրավչությունը պոտենցիալ ներդրողների, միջազգային կառույցների, ֆինանսական ինստիտուտների և պետական մարմինների շրջանում՚, - ասվում է հաղորդագրությունում:
Հավելենք, որ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը մտադիր է առաջիկա մի քանի տարիների ընթացքում կորուստները հասցնել 6.5 տոկոսի: Դեռ չորս տարի առաջ էլեկտրաէներգիայի կորուստները կազմում էին 14,5 տոկոս, այժմ դրանք արդեն հասել են 8,8 տոկոսի: «Հայաստանի էլեկտրական ցանցերում» ներդրված ներդրումային ծրագրի շնորհիվ կորուստները կկրճատվեն հնարավորինս առավելագույն ծավալներով, ինչը շատ մեծ ձեռքբերում կլինի անգամ միջազգային փորձի համեմատ: Հիշեցնենք, որ նախորդ տարվա հուլիսի 4-ին Ասիական Զարգացման Բանկի (ԱԶԲ) տնօրենների խորհուրդը հաստատել էր «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ին (ՀԷՑ) 80 մլն ԱՄՆ դոլարի չափով վարկի տրամադրումը: ԱԶԲ հաղորդագրության համաձայն, վարկը տրամադրվում է Հայաստանում էլեկտրաէներգիայի բաշխման բարելավմանը և էներգետիկ անվտանգության և արդյունավետության բարձրացմանը նպաստելու նպատակով: