Երեքշաբթի, 19 Հունիսի 2018 11:46
Նաիրա Բադալյան

KfW-ն պատրաստակամություն է հայտնել ընդլայնել Հայաստանի հետ համագործակցությունը

KfW-ն պատրաստակամություն է հայտնել ընդլայնել Հայաստանի հետ համագործակցությունը

Արմինֆո. Հունիսի 18-ին ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանն ընդունել է  Գերմանական զարգացման բանկի (KfW) տարածաշրջանային տնօրեն Օլաֆ Զիմելկայի գլխավորած պատվիրակությանը:

 

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են համագործակցության օրակարգում գտնվող մի շարք հարցեր, ինչպես նաև իրականացվող ծրագրերի զարգացման հեռանկարները: Մասնավորապես, անդրադարձ է կատարվել երկրի վարկունակությանն ու պարտքի կառավարմանը, նախատեսվող դրամաշնորհային և քաղաքականության վրա հիմնած վարկային պայմանագրերի կնքմանն ու հետագա միջկառավարական բանակցություններին առնչվող հարցեր:

 

Ատոմ Ջանջուղազյանը բարձր է գնահատել բանկի հետ համագործակցությունը և կարևորել վերջինիս աջակցությամբ էներգետիկայի, ջրամատակարարման, գյուղատնտեսության, բնապահպանության և այլ ոլորտներում իրականացվող ծրագրերն ու դրանց շարունակականության ապահովումը: Օլաֆ Զիմելկան իր հերթին պատրաստակամություն է հայտնել ակտիվացնել առկա երկխոսությունը և ընդլայնել համագործակցությունը նոր ուղղություններով: 

 

Հիշեցնենք, որ KfW- ն Հայաստանի խոշոր դոնորներից մեկն է: KfW ներդրումները վերջին 20 տարիներին գերազանցել են 510 մլն եվրոն, իրականացնելով ավելի քան 15 ծրագրեր, այդ թվում`ՓՄՁ ոլորտում, գյուղատնտեսության ոլորտում, էներգետիկ համալիրում, էկոլոգիայի, ֆինանսական և բանկային հատվածներում: Հայաստանի պարտքը բանկին 2018 թվականի հունվարի 1-ին կազմել է 295,9 մլն դոլար (Հայաստանի ընդհանուր արտաքին պարտքի 5,4% -ը), տարվա ընթացքում աճելով`47,7%: