Արմինֆո. ՀՀ գյուղատնտեսության նախարար Արթուր Խաչատրյանը նախօրեին նախարարություն էր հրավիրել կաթ վերամշակող խոշոր ընկերությունների եւ երեկ կառավարության շենքի առջև բողոքի ակցիա կազմակերպած` կաթ արտադրող ֆերմերային տնտեսությունների ներկայացուցիչներին։
Ինչպես ԱրմԻնֆո-ին հաղորդեցին ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, նախարարը հայտնել է, որ ստեղծվելու է կաթի մթերման խնդիրներն ուսումնասիրող միջգերատեսչական հանձնաժողով, եւ հրավիրել է երկու կողմի մեկական ներկայացուցչի՝ մասնակցելու հանձնաժողովի աշխատանքներին։
Նախարար Արթուր Խաչատրյանը նաեւ տեղեկացրել է, որ մշակման փուլում է ՀՀ-ում անասնապահության զարգացման հայեցակարգը, որի նպատակն է լինելու խթանել ՀՀ-ում անասնապահությունը եւ բարձրացնել անասնապահությամբ զբաղվող ֆերմերային տնտեսությունների եկամտաբերությունը։ Նա ներկայացրել է առկա եւ նախատեսվող ծրագրերը, որոնք կոչված են օգնելու կաթ արտադրողներին: Դրանք են, մասնավորապես, գյուղատնտեսության ոլորտին տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման, ագրոպարենային ոլորտի սարքավորումների ֆինանսական վարձակալության՝ լիզինգի պետական աջակցության, արոտներում ջրարբիացման համակարգերի կառուցման եւ արոտների բարելավման, ինչպես նաեւ անասնագլխաքանակի հաշվառման ծրագրերը։
Ծավալված շահագրգիռ քննարկման ընթացքում կողմերը ներկայացրել են իրենց մտահոգությունները եւ ոլորտում առկա խնդիրները՝ կապված կաթի մթերման գնի, անմիջական ֆինանսական աջակցման տրամադրման, անասնապահության արդյունավետության եւ ոլորտի երկարաժամկետ զարգացման հեռանկարի հետ։
Հիշեցնենք, որ հունիսի 14-ին տասնյակ ֆերմերներ հավաքվել էին ՀՀ կառավարության շենքի մոտ` բողոքելով կաթի մթերման ցածր գներից: Եթե ձմռանը գները տատանվում էին 180 - 230 դրամի սահմաններում, ապա այսօր հասել են 150 - 140 դրամի: Մինչդեռ, ինչպես ֆերմերները նշել են ԱրմԻնֆո-ի թղթակցի հետ զրույցում, շուկայում մնալու համար կաթի մթերման գինն այսօր պետք է լինի 160 դրամից ոչ պակաս: Հակառակ դեպքում, նրանք սպառնում են կաթն առաքել Երևան և անվճար բաժանել մայրաքաղաքի բնակիչներին, բարեգործական ժեստ: Ըստ Կոտայքի մարզի Գեղաշեն գյուղի բնակիչ Մարտուն Պողոսյանի, ձմռանը ձեռնարկությունները կաթը մթերում էին 200-230 դրամով, իսկ մայիսին գինն իջավ, հասնելով 150-160 դրամի, իսկ այսօր այն նվազել է մինչև 110 դրամ: Մինչդեռ, ըստ նրա, նախորդ տարվա նույն ժամանակահատվածում մթերման գինը կազմել է 160-180 դրամ: «Միայն մեկ կամ երկու ձեռնարկություններ են այսօր կաթը գնում 140 դրամով: Բայց եթե ինքնարժեքը կազմում են 120-130 դրամ, ուրեմն մենք կաթն իրացնենք առնվազն 140-160 դրամով», - ասել է նա: Մինչդեռ, «Աշտարակ Կաթ» ընկերության ղեկավար Հայկ Սարգսյանը ԱրմԻնֆո-ի հետ զրույցում նշել է, որ նման պատկեր է դիտվում ամեն տարի, ձմռան ամիսներին կաթի գինը բարձրանում է, իսկ հետո աստիճանաբար նվազում: Ինչպես պարզաբանել է Սարգսյանը, այդ գնով, հավանաբար, գնել են այլ ընկերություններ, որոնք աշխատում են փոքր տնտեսությունների հետ: Մայիսին Աշտարակ կաթը մթերումները կատարում էր 170 դրամով, ներկայիս գինը կազմում է 150 դրամ, իսկ հաջորդ օրը հասավ 140 դրամի: Բայց գների աճի մասին խոսելու կարիքը չկա: Ընկերության ներկայացուցչի վստահեցրել է, որ այսօր կա կաթի ավելցուկ, և ընկերությունն այն պահեստավորում է, պատրաստում պանիրներ, կա վերածում կաթի փոշում: Իսկ «Մարիաննա» ընկերությունը, որի մասնագետին էր դիմել ԱրմԻնֆո-ի թղթակիցը, այսօր կաթը գնում է 140 դրամով. անցյալ տարվա նույն ժամանակահատվածում գինը ցածր էր`130 դրամ: Ընկերության հաշվապահության աշխատակից Ադվինե Արիստակեսյանի ասելով, թեև շուկայում դիտվում է կաթի ավելցուկ, ընկերությունը շարունակում է կաթի մթերումը գյուղացիներից: Մթերողը հասկանում է, որ ֆերմերի համար ամենակարևորը մայիս-հունիս ամիսներն են: Բացի այդ, նա նշել է, որ գները աստիճանաբար բարձրացվում են:
Այդուհանդերձ, Գյուղնախարարությունում ԱրմԻնֆո-ին հավաստիացրել էին, որ ստեղծված իրավիճակը կարգավորելու նպատակով առաջիկա երկու-երեք օրերին հարցը կդրվի գերատեսչության կոլեգիայի քննարկմանը` բոլոր շահագրգիռ կողմերի մասնակցությամբ:
Հավելենք, որ ըստ փորձագիտական գնահատականների, Հայաստանում կաթի ինքնաբավությունը կազմում է 93%, իսկ միջին կաթի սպառումը կազմում է 257.7 կգ մեկ անձի համար մեկ տարում: Արտադրության կառուցվածքում գերակշռում են փոքր տնտեսությունները: