Արմինֆո.Առաջիկա 2 ամսվա ընթացքում աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մանե Թանդիլյանը կներկայացնի կուտակային կենսաթոշակային համակարգի վերաբերյալ նոր օրինագիծ: Այդ մասին հունիսի 21-ին կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասել է նա:
Նրա խոսքով, պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի ներդրման հարցում իր սկզբունքայնությունը չի կարող ինքնանպատակ լինել: «Պետության շահերն ինձ համար առաջնային են, և ես ձգտում եմ կուտակային կենսաթոշակային համակարգի ներդրման՝ այն տեսքով, որն ընդունելի կլինի լայն հասարակայնության համար»,- հայտարարել է նա: Միաժամանակ, Թանդիլյանի խոսքով, նախարարի կարգավիճակով իրեն կհաջողվի ավելի օպերատիվ կերպով լուծել համակարգին առնչվող խնդիրները՝ չհրաժարվելով ավելի վաղ հայտարարած սկզբունքներից:
Ինչպես նշել է Թանդիլյանը, փաստաթղթում, որը կնախապատրաստվի փորձագետների աջակցությամբ և կներկայացվի e-draft պորտալում, նախատեսված կլինեն համակարգի ներդրման տարբեր ճանապարհներ: «Կնախատեսվի նաև կամավորության սկզբունք»,- հայտարարել է նա՝ ձեռնպահ մնալով մեկնաբանություններից, թե ինչպես և բնակչության որ խմբերի համար կպահպանվի պարտադիր սկզբունքը:
«Մենք պատրաստվում ենք փոփոխությունները ներկայացնել խորհրդարանի հաստատմանը աշնանային նստաշրջանին՝ նպատակ ունենալով առաջարկվող փոփոխությունները ներդնել 2019թ հունվարի 1-ից»,- ասել է Թանդիլյանը՝ ավելացնելով, որ նախարարի պաշտոնում առաջադրված լինելով «Լուսավոր Հայաստան» կուսակցության կողմից՝ գործունեությունը շարունակում է նաև իր կուսակցությունում։
Ավելի վաղ ԱրմԻնֆո-ն հայտնել էր, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը չի ընդունել աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Մանե Թանդիլյանի հրաժարականը: «Մենք կշարունակենք աշխատանքը ՊԿԿՀ կատարելագործման ուղղությամբ՚, - հայտարարել է վարչապետը հունիսի 21-ին կառավարության նիստում, հավելելով, որ ինքն այսօր էլ չի կասկածում, որ կուտակային կենսաթոշակային համակարգը լուրջ բարեփոխումների կարիք ունի: Այդ համատեքստում վարչապետն ակնկալում է բոլոր շահագրգիռ գերատեսչությունների աջակցությունը:
Հիշեցնենք, որ հունիսի 12-ին աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Մանե Թանդիլյանը հրաժարականի դիմում էր ներկայացրել: Նա իր որոշումը հիմնավորել էր պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի ներդրման առնչությամբ կառավարության հետ առկա տարաձայնություններով: