Ուրբաթ, 22 Հունիսի 2018 17:19
Ալեքսանդր Ավանեսով

Նոր թափ են ստացել Իրան-Հայաստան 400 կՎ լարման էլեկտրահաղորդման օդային գծի և ենթակայանի կառուցման աշխատանքները

Նոր թափ են ստացել Իրան-Հայաստան 400 կՎ լարման էլեկտրահաղորդման օդային գծի և ենթակայանի կառուցման աշխատանքները

Արմինֆո. Վերջերս  իրանական  կողմի  հետ  կայացած աշխատանքային հանդիպում-քննարկումների արդյունքում նոր  թափ են ստացել Իրան-Հայաստան 400 կՎ լարման էլեկտրահաղորդման օդային գծի և ենթակայանի կառուցման աշխատանքները:

 

Ինչպես տեղեկացնում է ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարությունը, «Իրան-Հայաստան 400 կՎ գծի և համապատասխան ենթակայանի կառուցման» ծրագրի շրջանակներում Իրանից Հայաստան են ներկրվում էլեկտրահաղորդման գծի շինարարության համար անհրաժեշտ ապրանքներն ու սարքավորումները: Մայիսից վերսկսվել են լայնածավալ շինարարական աշխատանքներ: Ընթացքի մեջ են նաև հենարանների համար անհրաժեշտ հողակտորների ձեռքբերման աշխատանքերը, մասնավորապես, նախատեսված 745 հողակտորներից ձեռք է բերվել 693-ը: Էլեկտրահաղորդման գծի շինարարությունը բաժանված է վեց հատվածների և ընդգրկում է ՀՀ Գեղարքունիքի, Վայոց Ձորի, Սյունիքի մարզերը:

Էլեկտրահաղորդման օդային գծի` Հայաստանում կառուցվող հատվածի երկարությունը շուրջ 279 կմ է, որի իրականացման գլխավոր կապալռուն՝ իրանական «Սանիր» ընկերությունն է:   Ծրագրի արժեքը կազմում է՝ 107,9 մլն. եվրո:            

 

Գծի կառուցումը նպատակաուղղված է գազ-էլեկտրաէներգիայի դիմաց ծրագրով հայկական կողմի ստանձնած պարտավորությունների կատարմանն ու տարածաշրջանային համագործակցության ապահովմանը:

 

Իրան-Հայաստան 400 կՎ երկշղթա էլեկտրահաղորդման գծի և 400 կՎ «Նորավան» ենթակայանի կառուցումը հնարավորություն կտա երկու երկրների էներգահամակարգերի միջև էլեկտրաէներգիայի փոխանակման հզորությունը հասցնել 1200 ՄՎտ-ի, միաժամանակ բարձրացնել էներգահամակարգերի զուգահեռ աշխատանքի հուսալիությունը և Հայաստանի Հանրապետության էներգետիկ անվտանգության մակարդակը: