Ուրբաթ, 29 Հունիսի 2018 10:20
Ալեքսանդր Ավանեսով

Հայաստանում կմշակվի չրերի արտադրության զարգացման համալիր ծրագիր

Հայաստանում կմշակվի չրերի արտադրության զարգացման համալիր ծրագիր

Արմինֆո. ՀՀ գյուղատնտեսության նախարար Արթուր Խաչատրյանը հրավիրել էր խորհրդակցություն, որին մասնակցել են չորացված մթերք արտադրող մի շարք ընկերությունների ներկայացուցիչներ:

Ընդգծելով վերամշակող ճյուղի կարևորությունը գյուղատնտեսության ոլորտի զարգացման հարցում` Արթուր Խաչատրյանը տեղեկացրել է այս ուղղությամբ իրականացվող նոր ծրագրերի և նախաձեռնությունների վերաբերյալ: ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից հաղորդել են, որ հանդիպման մասնակիցներին ներկայացվել է լիզինգային նոր ծրագիրը, որի շրջանակում մատչելի պայմաններով՝ տարեկան ընդամենը 4% լիզինգային տոկոսադրույքով շահառուները հնարավորություն կստանան ձեռք բերել ագրոպարենային արտադրության մեջ օգտագործվող ցանկացած տեխնիկա, որը թույլ կտա երկարացնել գյուղմթերքի սեզոնայնությունը, այդ թվում` նաև չորանոցներում և սառնարանային տնտեսություններում կիրառվող սարքավորումներ։ Ծրագիրը նախատեսվում է մեկնարկել ընթացիկ տարում:

 

Այնուհետև ընկերությունների ներկայացուցիչները կիսվել են իրենց հուզող խնդիրներով, որոնք, մասնավորապես, վերաբերում էին տեղական չրերի ինքնարժեքի նվազեցմանը և որակի բարձրացմանը, միջազգային շուկայում տեղական արտադրանքի մրցունակության ապահովմանը, չրագործության ոլորտում սեզոնային զբաղվածության խթանմանը, ինչպես նաև ոլորտում ժամանակակից տեխնոլոգիաների ներդրմանը: Առանձնահատուկ կարևորվել է նոր սորտերի ստեղծման և չրերի տեսականու ընդլայնման անհրաժեշտությունը: Նախարար Արթուր Խաչատրյանն իր հերթին նույնպես կարևորել է Հայաստանի բնակլիմայական պայմաններին լավ հարմարվող մշակաբույսերի նոր սորտերի մշակումը և նշել, որ այս խնդիրը մեր երկրի գյուղատնտեսության ոլորտի առաջնահերթությունների թվում է:

 

Անդրադարձ է կատարվել նաև գյուղատնտեսական հումքի մթերումների (գնումների) նպատակով ագրովերամշակման ոլորտին տրամադրվող վարկերի տոկոսադրույքների մասնակի սուբսիդավորման ծրագրին, որի շրջանակներում տրամադրվում են տարեկան առավելագույնը մինչև 12% անվանական տոկոսադրույքով նպատակային վարկեր, որոնց մինչև 9 տոկոսային կետին համարժեք մասը (գումարը) սուբսիդավորվում  է, ինչի արդյունքում վարկառուի կողմից վճարվող վարկի տարեկան տոկոսադրույքը կազմում է 3 %:

 

Հանդիպման ավարտին նախարար Արթուր Խաչատրյանն առաջարկել է ներկաներին համատեղ գույքագրել բարձրացված բոլոր հարցերն ու առաջարկները և կազմել չրագործության ոլորտի հետագա զարգացման համապարփակ ծրագիր: