Ուրբաթ, 29 Հունիսի 2018 17:31
Ալեքսանդր Ավանեսով

ԱՄԷ-ից ընկերությունները հետաքրքրված են Հայաստանում ներդրումներ կատարելու և բիզնես գործունեություն ծավալելու հարցում

ԱՄԷ-ից ընկերությունները հետաքրքրված են Հայաստանում ներդրումներ կատարելու և բիզնես գործունեություն ծավալելու հարցում

Արմինֆո. ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Արծվիկ Մինասյանը հանդիպում է ունեցել Հայաստանի Հանրապետությունում Արաբական Միացյալ Էմիրությունների արտակարգ և լիազոր դեսպան Ջասիմ Մուհամմադ Ալ Կասեմիի և արաբ գործարարների հետ, որոնք հետաքրքրված են Հայաստանում ներդրումներ կատարելու և բիզնես գործունեություն ծավալելու։ Հանդիպմանը մասնակցել են նաև նախարարության պատասխանատու անձինք։

 

Ողջունելով հյուրերին՝ նախարարը ներկայացրել է Հայաստանում գործարար միջավայրի բարելավման և ներդրումների պաշտպանության ուղղությամբ իրականացվող բարեփոխումները, անդրադարձել  որպես ԵԱՏՄ անդամ երկիր և դեպի Եվրամիության շուկաներ մուտքի համար մեր երկրին ընձեռված  հնարավորություններին, նաև Հայաստանի ազատ տնտեսական գոտիներում գործունեություն ծավալելու առավելություններին։

 

Դեսպան Ալ Կասեմին շնորհակալություն է հայտնել հանդիպման համար և նշել, որ ԱՄԷ-ի հետ առևտրատնտեսական կապերը զարգանում են, ինչի վկայությունը առևտրաշրջանառության կրկնակի աճն է։

Արաբ գործարարները ներկայացրել են այն ոլորտները, որոնցով հետաքրքրված են, մասնավորապես, խոսվել է գյուղատնտեսությունում, վերականգնվող էներգետիկայի, զբոսաշրջության ոլորտներում փոխգործակցության մասին։

Արծվիկ Մինասյանը ողջունել է գործարարների նախաձեռնողականությունը և հայտնել նախարարության կողմից գործարարության խթանման և աջակցության պատրաստակամության մասին։ 

 

Նշենք, որ հունիսի 21-ին Երևանում մամուլի ասուլիսի ժամանակ դեսպանը հայտնել էր, որ երկու երկրների միջև առևտրաշրջանառությունն զգալիորեն ավելացել է: Եթե 2016 թ. այն կազմել է $119,3 մլն, արդեն 2017 թ. հասել է $149,3 մլն-ի: