Երկուշաբթի, 2 Հուլիսի 2018 11:38
Ալեքսանդր Ավանեսով

Նախարար. Հայաստանի էլեկտրաէներգետիկ համալիրի ազատականացման ծրագրի իրականացումը կավարտվի առաջիկա երկու տարվա ընթացքում

Նախարար. Հայաստանի էլեկտրաէներգետիկ համալիրի ազատականացման ծրագրի իրականացումը կավարտվի առաջիկա երկու տարվա ընթացքում

Արմինֆո. Հայաստանի էլեկտրաէներգետիկ համալիրի ազատականացման ծրագրի իրականացումը կավարտվի առաջիկա երկու տարվա ընթացքում: Այդ մասին հունիսի 30-ին հայտարարել է  ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Արթուր Գրիգորյանը՝ պատասխանելով ԱրմԻնֆո-ի հարցին:

 

Նրա խոսքով, անցած տարվանից իրականացման գործընթացն արդեն սկսվել է,  և անհրաժեշտ է որոշակի ժամանակ, որպեսզի ծրագիրն ամբողջությամբ գործի: «Մշակվել է օրենսդրական լավ բազա, ստեղծվել են բոլոր նախադրյալներն այդ ուղղությամբ ավելի ակտիվ աշխատանքի համար»,-ասել է նախարարը՝ նշելով ծրագրի կարևորությունը, ինչը կնպաստի ոչ միայն էլեկտրաէներգետիկ շուկայի զարգացմանը, այլ նաև՝ սակագների նվազմանը:  Հիշեցնենք, որ 2017 թվականին սկսված էլեկտրաէներգետիկ շուկայի ազատականացման ծրագիրը ենթադրում է էլեկտրաէներգիայի այլընտրանքային մատակարարի ինստիտուտի ներդնում: Սպառողը հնարավորություն կունենա, «Հայաստանի էլեկտրական ցանցեր»-ից բացի, էլեկտրաէներգիա ձեռք բերել նաև այլ մատակարարներից: Այնուամենայնիվ, «Հայաստանի էլեկտրական ցանցերը» կմնան երաշխավորված մատակարար: Այն սպառողը, որը չի ցանկանա էլեկտրաէներգիա ձեռք բերել այլընտրանքային մատակարարներից, կկարողանա շարունակել ստանալ այն ցանցերից: Եվս մեկ նորություն վերաբերում է խոշոր մեծածախ սպառողների շուկա մուտքին, որոնք հնարավորություն կսդտանան էլեկտրաէներգիա ձեռք բերել անմիջապես գեներացիայի օբյեկտներից, ներմուծել այն և օգտագործել սեփական կարիքների համար: Այս միջոցն ուղղված է տարածաշրջանային ինտեգրմանը, ինչը պետք է հանգեցնի շուկայում մասնավոր հատվածի զգալի ակտիվացման: Կանոնակարգված են նաև կարգավորող մարմինների լիազորությունները՝ ի դեմս ՀՀ Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության և Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի: