Արմինֆո. ՀՀ Գյուղատնտեսության նախարարությունը ՌԴ հետ համագործակցությամբ մտադիր է ներդնել ագրոարդյունաբերական համալիրի /ԱԱՀ/ տեղեկատվության վիճակագրության մշակման նորարական մեթոդներ: Այդ մասին հունիսի 29-ին ռուս–հայկական 7–րդ միջտարածաշրջանային համաժողովի լիագումար նիստի ընթացքում հայտարարել է ՀՀ գյուղատնտեսության փոխնախարար Արմեն Հարությունյանը:
Պատասխանելով ԱրմԻնֆո-ի հարցին՝ նա նշել է, որ գյուղատնտեսության վիճակագրության տվյալների հավաքագրումը և մշակումը ենթադրում է հողերի մոնիթորինգի համակարգի ստեղծում՝ թվային տեխնոլոգիաների օգնությամբ:
«Դա թույլ կտա ավելի որակյալ լուծումներ գտնել ԱԱՀ արդյունավետ զարգացման համար»,- ընդգծել է փոխնախարարը: Նրա խոսքով, գյուղատնտեսությունում տեխնոլոգիաների ներդրման հարցը ռուս գործընկերների հետ համագործակցության առաջնահերթ ուղղություններից է:
Իր ելույթի ընթացքում փոխնախարարը նշել է Հայաստանի գյուղատնտեսության և ագրոարդյունաբերական համալիրի զարգացման հիմնական ուղղությունները: Առաջին հերթին Հարությունյանը նշել է ենթակառուցվածքների զարգացումը, մարդկային կապիտալի բարելավման շարունակական աշխատանքը՝ բարձրագույն և տեխնիկական կրթության տեսակետից: «Այսօր մենք Կրթության և գիտության նախարարության գործընկերների հետ բարեփոխումներ ենք անցկացնում ագրարային կրթության ոլորտում, մասնավորապես՝ տեխնիկական: Այստեղ մեր ջանքերը հիմնականում կենտրոնացած են այն բանի վրա, որպեսզի ուսանողներն իրենց ժամանակի առնվազն 50-60%-ն անցկացնեն ոչ թե լսարաններում, այլ՝ դաշտում, ինչն արվում է նրանց գործնական փորձի հարստացման համար, նախքան նրանք ձեռնամուխ կլինեն ագրոոլորտում իրենց անմիջական գործունեությանը»,- պարզաբանել է նա: Միաժամանակ գերատեսչությունն աշխատում է խորհրդատվական ծառայությունների որակի բարձրացման ուղղությամբ, որոնք ներկայացված են երկրի բոլոր մարզերում, բայց դեռևս ֆերմերային տնտեսությունների բոլոր կարիքները չեն բավարարում:
Հաջորդ ուղղությունը Հարությունյանը համարում է ֆինանսական ռեուրսների մատչելիությանը: Փոխնախարարը նշել է, որ այսօր պետական քաղաքականությունն ուղղված է գյուղատնտեսության և ագրոարդյունաբերական համալիրի ֆինանսավորման պայմանների բարելավմանը: Այս առնչությամբ նա հիշեցրել է ագրոապահովագրության համակարգի ներդրման մասին, որը Հայաստանում կգործարկվի 2019 թվականից: Ոչ պակաս կարևոր խնդիր է փոխնախարարը համարել ռիսկերի նվազեցումը, բայց ոչ միայն ապահովագրության համակարգի գործարկման, այլ նաև՝ ընդհանուր առմամբ գյուղատնտեսությունը պաշտպանող գործիքների կիրառման միջոցով:
Ելույթում հատուկ շեշտադրում է արվել ներմուծման փոխարինման քաղաքականության իրականացման վրա: Այս առումով նա նշել է հայկական և ռուսական պետական գերատեսչությունների արդյունավետ համագործակցության կարևորությունը չօգտագործված ներուժի իրացման համար ձեռնարկատերերի արդյունավետ շփումների ապահովման հարցում: