Արմինֆո. Ամերիաբանկը հետևելով ՀՀ Կառավարության առաջարկին` որոշում է կայացրել զիջել ֆիզիկական անձ հաճախորդների 2018թ.-ի մայիսի 31-ի դրությամբ դուրս գրված բոլոր վարկերի տույժերը և տուգանքները, եթե հաճախորդներն այդ վարկերի գծով մայր գումարներն ու հաշվեգրված տոկոսագումարը մարելու լուծումներ քննարկելու վերաբերյալ դիմեն Բանկին մինչև 2018-ի տարեվերջ:
Ինչպես տեղեկացրել է Բանկի մամուլի ծառայությունը, Բանկը որոշում է կայացրել ֆիզիկական անձ հաճախորդների չապահովված մինչև 5,000,000 դրամ պայմանագրային գումարով՝ 2018թ.-ի մայիսի 31-ի դրությամբ դուրս գրված վարկերի գծով տույժերն ու տուգանքներն ամբողջությամբ զիջել:
Ըստ ԱրմԻնֆո գործակալության` Հայաստանի Բանկերի Ֆինանսական Վարկանիշի, 2018 թվականի ապրիլի 1-ի տվյալների, Ամերիաբանկը շարունակում է գլխավորել իր հիմնական ֆինանսական ցուցանիշներով: Բանկի վարկային ներդրումները կազմել են 475.6 մլրդ դրամ (990.6 մլն դոլար, 1 տեղ), տարեկան 1% աճով: Բանկի ընդհանուր վարկային պորտֆելում անհուսալի վարկերի տեսակարար կշիռը կազմել է 1,5%, տարեկան կտրվածքով բացարձակ արժեքի աննշան աճով: Բանկի անհուսալի վարկերի մոտ 18% -ը կենտրոնացած է սպառողական վարկերի պորտֆելում, որի բացարձակ արժեքը տարեկան կտրվածքով աճել է մոտ 2 անգամ: Սպառողական վարկերի ընդհանուր ծավալը նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ աճել է 44.3%, իսկ այդ պորտֆելում անհուսալի վարկերը կազմել են 3.3%: Բանկի ընդհանուր վարկային պորտֆելում սպառողական վարկերը կազմել են 8.2%: 2018 թվականի առաջին եռամսյակը Բանկը եզրափակել է 2.6 մլրդ դրամ (5.3 մլն դոլար, 1 տեղ) զուտ շահույթով, տարեկան 56% աճով:
Հիշեցնենք, որ «Ամերիաբանկ» ՓԲԸ-ն ունիվերսալ բանկ է, որը տրամադրում է ներդրումային, կորպորատիվ եւ մանրածախ բանկային ծառայություններ` բանկային լուծումների համալիր փաթեթի տեսքով: Հայկական շուկայում բանկը գործում է 1996 թվականի հոկտեմբերի 31-ից: Ամերիաբանկի մասնաճյուղային ցանցը բաղկացած է 14 ստորաբաժանումներից, որոնցից` 9 մայրաքաղաքային եւ 5 մարզային: 2015 թ. դեկտեմբերին Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի մուտքից հետո Ամերիաբանկի բաժնետիրական կապիտալում բաժնեմասային մասնակցությունը փոխվել է հետեւյալ կերպ. Ամերիա Գրուպ CY Ltd. - 65,8%, EBRD - 20,7% և ESPS Holding Limited - 13,5%: Պարգևատրվել է` Euromoney-ից (2017, 2016, 2014, 2012, 2011 թվականներին), Global Finance-ից (2017, 2016, 2015, 2013, 2012 թվականներին), The Banker/FT-ից (2017, 2016, 2015, 2013, 2010 թվականներին), Commerzbank կողմից 2008 թվականից ի վեր ամեն տարի արժանանում է "STP-Award" պարգևի: