Ուրբաթ, 6 Հուլիսի 2018 13:39
Ալեքսանդր Ավանեսով

Փաշինյան. Հանքարդյունաբերության ոլորտի հետ կապված փաստեր հավաքելու դեպքում կկայացվեն համապատասխան որոշումներ

Փաշինյան. Հանքարդյունաբերության ոլորտի հետ կապված փաստեր հավաքելու դեպքում կկայացվեն համապատասխան որոշումներ

Արմինֆո. Հանքարդյունաբերության ոլորտի հետ կապված փաստեր հավաքելու դեպքում կկայացվեն համապատասխան որոշումներ: Այդ մասին նախօրեին Սյունիքի մարզի մի շարք համայնքների բնակիչների հետ հանդիպումների ընթացքում հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

 

Մասնավորապես, Մեղրիում բնակիչներից մեկը տեղեկացրել է, որ Լիճքի հանքավայրի շահագործման դեմ բողոքի ցույցերը դադարեցրել են՝ հետևելով վարչապետի կոչին և հույս ունեն, որ այդ հարցին կտրվի արդար լուծում:

Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ Հայաստանում այս երկրի ընդերքը քանդվում է, արտահանվում ու համարվում է, որ տնտեսությունն աճում է՝ կախված նաև պղնձի գներից: «Կարծում եմ՝ սա խնդիր է, բայց չեմ կարծում, որ պետք է հանքարդյունաբերությունը փակենք: Հանձնարարական եմ տվել, որ բոլոր մետաղական հանքավայրերում ստուգումներ իրականացվեն, ստուգվի դրանց համապատասխանությունը բնապահպանական նորմերին: Խնդրում եմ հնարավորություն տալ, որ հավաքվեն փաստեր, որոնց հիման վրա հնարավոր կլինի կայացնել որևէ որոշում: Ես որպես վարչապետ իրավունք չունեմ հենց այնպես որոշել, որ հանքերը փակվեն: Խնդիրներին ծանոթ եմ, որոշում կայացնելու համար պետք է հավաքել փաստեր, որոնք կլինեն անառարկելի, որոնց հիման վրա էլ հնարավոր կլինի կայացնել որոշումներ»,- ասել է գործադիրի ղեկավարը: Վարչապետն ընդգծել է, որ որևէ հանքի հետ կապված որևէ կոռուպցիոն պարտավորություն չունի, իր միակ պարտավորությունը ժողովրդի առաջ է:

 

Նշենք, որ օգտակար հանածոների պաշարների պետական հաշվեկշռում ներկայումս հաշվառված է հաստատված պաշարներով պինդ օգտակար հանածոների ավելի քան 670 հանքավայր, այդ թվում` 30 մետաղական: Նշված հանքավայրերից շահագործվում են շուրջ 400-ը` այդ թվում` 22 մետաղական:    Մետաղական օգտակար հանածոների թվում առկա են  7 պղնձամոլիբդենային, 4 պղնձի, 14 ոսկու և ոսկի-բազմամետաղային, 2 բազմամետաղային, 2 երկաթահանքային և 1 ալյումինահանքային հանքավայր: Ոչ մետաղական հանքային պաշարների հարստությամբ ու բազմազանությամբ Հայաստանի Հանրապետությունն աշխարհում առաջատար տեղ է գրավում: Հանրապետության փոքրիկ տարածքում հանդիպում են աշխարհում հայտնի համարյա բոլոր տեսակի հանքանյութային ապարները: Հատուկ  արժեք  ու նշանակություն են ներկայացնում  Հայաստանի տարածքում հրաբխային պրոցեսների արդյունքում առաջացած լեռնային  ապարները, որոնցից են  թեթև  ապարները` տուֆերը, պեռլիտները, պեմզաները, ցեոլիտները, հրաբխային խարամները և այլն: Տարատեսակ բազալտների, գրանիտների, նեֆելինային սիենիտների, մարմարների պաշարների ծավալները հսկայական են: Ամենաորակյալ և ամենաշատ փքվող լեռնային ապարների (պեռլիտներ, օբսիդիաններ և այլն) պաշարները աշխարհում գտնվում են Հայաստանում: Հայաստանում գտնվող Արագած-պեռլիտի հաստատագրված պաշարները կազմում են 150 մլն խոր. մ, իսկ կանխատեսվող պաշարների ընդհանուր քանակը հասնում է մինչև 3 մլրդ խոր.մ-ի: Հայաստանի ամբողջ տարածքով քարտեզագրված են 100-ից ավելի բազալտի, անդեզիտի հանքավայրեր, որոնցից մի քանիսը միակն են իրենց բաղադրությամբ:

 

Անկախ դիտորդների կարծիքով, նախկին իշխանությունները պայմանավորվածություններ են ունեցել ընդերքօգտագործողների հետ, որոնք օգտագործելով իրենց օֆշորային ընկերությունները, իջեցված գներով հանքաքարային խտանյութ են վաճառել նրանց: Իսկ վերջիններս իրենց հերթին շուկայական գներով վերավաճառել են այն վերջնական սպառողներին: Այսպիսով՝ հանրապետությունն օգտակար հանածոների վաճառքից եկամուտների գրեթե կեսը պակաս է ստացել: