
Արմինֆո. Կուտակային կենսաթոշակային համակարգի մասնակից Հայաստանի քաղաքացիները կարող են օտարերկրյա պետությունների իրենց խնայողությունները փոխանցել տեղական հաշիվներին:
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մանե Թանդիլյանը հրաման է ստորագրել, որով հաստատել է օտարերկրյա պետությունում աշխատող Հայաստանի Հանրապետության քաղաքացիների` Հայաստան վերադառնալու և (կամ) բնակություն հաստատելու դեպքում այդ պետությունում նրանց անդամակցած կուտակային կենսաթոշակային համակարգից այդ անձանց՝ Հայաստանի Հանրապետությունում բացված կուտակային կենսաթոշակային հաշիվներին գումարները փոխանցելու կարգը և օրենսդրությամբ սահմանված կարգով աշխատանքային գործունեությամբ զբաղվելու կարողության երրորդ աստիճանի սահմանափակում ունեցող հաշմանդամ ճանաչվելու վերաբերյալ տեղեկատվությունը մասնակիցների ռեեստրը վարողին տրամադրելու կարգը և այդ տեղեկատվության կազմը: Որոշումն ընդունվել է հունիսի 13-ին, ուժի մեջ է մտնելու հուլիսի 12-ին:
Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը պարզաբանվել է նախարարության մամուլի ծառայությունից, կուտակային կենսաթոշակային համակարգի շահառուն կարող է իր խնայողությունները օտարերկրյա կենսաթոշակային կուտակային համակարգի հաշիվներից փոխանցել տեղական հաշիվներին, եթե դա թույլ է տալիս տվյալ պետության օրենսդրությունը: