Չորեքշաբթի, 11 Հուլիսի 2018 15:04
Կարինա Մելիքյան

ԵԱԶԲ-ն ՄՄԲ վարկավորման համար  ԱՐԱՐԱՏԲԱՆԿԻՆ տրամադրել է 6 մլն.դոլարի վարկ

ԵԱԶԲ-ն ՄՄԲ վարկավորման համար  ԱՐԱՐԱՏԲԱՆԿԻՆ տրամադրել է 6 մլն.դոլարի վարկ

Արմինֆո. Եվրասիական զարգացման բանկը  (ԵԱԶԲ)  և ԱՐԱՐԱՏԲԱՆԿ  ԲԲԸ-ն  պայմանագիր են ստորագրել  ՀՀ-ում միկրովարկավորման  խթանման նպատակով:  Փաստաթուղթը ստորագրել են   ԱՐԱՐԱՏԲԱՆԿ  ԲԲԸ  վարչության նախագահ Աշոտ Օսիպյանը և ԵԱԶԲ Ակտիվների և պարտավորությունների  կառավարման գծով  տնօրեն Դմիտրի Լադիկով-Ռոևը: Այս մասին տեղեկացրել է Բանկի մամուլի ծառայությունը:

 

Վարկային պայմանագրի համաձայն` Եվրասիական զարգացման բանկը  6 մլն  ԱՄՆ դոլար   կտրամադրի ԱՐԱՐԱՏԲԱՆԿԻՆ  միկրո և միջին բիզնեսի ֆինանսավորման նպատակով:

 

«Ուրախ եմ նոր պայմանագիր ստորագրելու առթիվ, որը կամրապնդի և կընդլայնի համագործակցությունը Եվրասիական զարգացման բանկի հետ: Այս համաձայնագրի շրջանակում  ներգրավված ֆինանսական միջոցները մեզ թույլ կտան  միկրո և փոքր բիզնեսի հաճախորդներին առաջարկել ավելի մատչելի և մրցունակ վարկային պրոդուկտներ՝ դրանով իսկ  մեր նպաստը բերելով Հայաստանի տնտեսության զարգացմանը»,-նշել է Ա. Օսիպյանը:

 

«ԱՐԱՐԱՏԲԱՆԿ-ի հետ միկրովարկավորման ծրագիրը մենք սկսել են դեռևս 2012 թվականից և արդեն ունենք հաջողված աշխատանքային փորձ: Կարծում եմ, որ այս նոր  ծրագրի իրականացումը ևս կնպաստի միկրո և փոքր բիզնեսի կայուն զարգացման համար բարենպաստ պայմանների ստեղծմանը, մրցակցային միջավայրի  զարգացմանը՝  խթանելով արտադրության ծավալների աճը, ապրանքների և ծառայությունների տեսականու ընդլայնումը, ապրանքի որակի բարձրացումը: Այսպիսով, միկրո և փոքր բիզնեսի աջակցությունը  նշանակալի ազդեցություն կունենա Հայաստանի շուկայական տնտեսության զարգացման վրա»,-նշել է  ԵԱԶԲ Ակտիվների և պարտավորությունների  կառավարման գծով տնօրեն Դմիտրի Լադիկով-Ռոևը:

 

Նշենք, որ Եվրասիական զարգացման բանկը  (ԵԱԶԲ)  միջազգային ֆինանսական կազմակերպություն է, որը  հիմնադրվել է  Ռուսաստանի Դաշնության և Ղազախստանի Հանրապետության կողմից 2006թ. հունվարին՝ մասնակից պետությունների շուկայական տնտեսության զարգացմանը նպաստելու, դրանց կայուն տնտեսական աճի և փոխադարձ առևտրատնտեսական   կապերի ընդլայնման նպատակով: ԵԱԶԲ կանոնադրական կապիտալը կազմում է 7 մլրդ ԱՄՆ դոլար: Բանկի անդամ պետություններն են Հայաստանի Հանրապետությունը, Բելառուսի Հանրապետությունը, Ղազախստանի Հանրապետությունը, Ղրղզստանի Հանրապետությունը, Ռուսաստանի Դաշնությունը, Տաջիկստանի Հանրապետությունը:

 

Հիշեցնենք, որ ԱՐԱՐԱՏԲԱՆԿ-ը միկրո և միջին բիզնեսի վարկավորման ոլորտում հանդիսանում է Հայաստանի առաջատար բանկերից մեկը, տեղ զբաղեցնեռլով առաջատարների հնգյակում: 2017 թվականին ԱՐԱՐԱՏԲԱՆԿ-ն զգալիորեն ավելացրել է այդ ոլորտի վարկավորումը`16.3%: Ոլորտը ֆինանսավորելու համար ԱՐԱՐԱՏԲԱՆԿ-ն օգտվում է եվրոպական լավագույն վարկավորման տեխնոլոգիաներից:

 

ԱրմԻնֆո գործակալության կողմից պատրաստված`Հայաստանի Բանկերի Ֆինանսական Վարկանիշի 2018 թվականի ապրիլի 1-ի արդյունքների համաձայն, ԱՐԱՐԱՏԲԱՆԿ-ի վարկային ներդրումները կազմել են 128.1 մլրդ դրամ, որից 41%-ը` ՓՄՁ վարկավորման հատվածում: Բանկի ակտիվները կազմել են 211,2 մլրդ դրամ, ընդհանուր պարտավորությունները`175,2 մլրդ դրամ: ԱՐԱՐԱՏԲԱՆԿ-ի ընդհանուր կապիտալը 2018 թվականի ապրիլի 1-ի դրությամբ գերազանցել է 36 մլրդ դրամը: 2018 թվականի առաջին եռամսյակը Բանկը եզրափակել է 903.1 մլն դրամի զուտ շահույթով, տարեկան աճը`4.7 անգամ, իսկ եռամսյակային աճը` 2.8 անգամ: «ԱՐԱՐԱՏԲԱՆԿ» ԲԲԸ-ն գործում է 2005 թվականի նոյեմբերից: 2018 թվականի ապրիլի 1-ի դրությամբ ԱՐԱՐԱՏԲԱՆԿ-ի մեծամասնական բաժնետերերն են`«Ֆլեշ» ընկերությունը - 72.73%, Բարսեղ Բեգլարյանը - 18,33%, Rural Impulse Fund II (բելգիական Incofin Investment Management - Incofin IM - Incofin IM անդամ) - 8.58%: