Հինգշաբթի, 12 Հուլիսի 2018 14:21

ԱԶԲ-ն 800 հազար դոլարի ֆինանսավորում կհատկացնի առողջապահության ու կրթության և գիտության ոլորտներին

ԱԶԲ-ն 800 հազար դոլարի ֆինանսավորում կհատկացնի առողջապահության ու կրթության և գիտության ոլորտներին

Արմինֆո. Ասիական զարգացման բանկի հետ աշխատանքում նախանշվում են գործակցության նոր եզրեր: Այս մասին շեշտվել է առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի ևԱսիական զարգացման բանկի (ԱԶԲ) Կենտրոնական և Արևմտյան Ասիայի դեպարտամենտի սոցիալական ոլորտի վարչության տնօրեն Ռիե Հիրաոկայի հանդիպման ընթացքում:

Ինչպես տեղեկացնում է նախարարության մամուլի ծառայությունը, քննարկվել են առողջապահության ոլորտի ռազմավարության և զարգացման ուղղությամբ հնարավոր նոր քայլերը: Ներկայացվել  են ԱԶԲ առաջարկները` ուղղված երկկողմ շահավետ ծրագրերի իրագործմանը, պետություն-մասնավոր գործակցության խթանմանը:

Քննարկման առանցքում ԱԶԲ կողմից առողջապահության ու կրթության և գիտության ոլորտներին 800 հազար դոլարի ֆինանսավորման ծրագիրն էր, որի շուրջ փաստաթղթային վերջին հստակեցումներն են կատարվում պետական համապատասխան կառույցների հետ: Դրամաշնորհը պետք է որպես տեխնիկական աջակցություն ուղղվի նշված երկու ոլորտում համակարգային խնդիրների լուծմանը: Այս առումով Ռիե Հիրաոկան հետաքրքրվել է ԱՆ առաջնահերթություններով` ըստ այդմ հստակեցնելու ֆինանսավորման կոնկրետ ուղղությունները:

Թորոսյանը շեշտել է, որ նախարարությունն առաջնահերթորեն կարևորում է մարդկային կապիտալի զարգացումը, առողջության առաջնային պահպանման օղակի վերազինումը, սքրինինգային ծրագրերի իրականացումը` ուղղված, մասնավորապես, քաղցկեղի կանխարգելմանն ու երեխաների շրջանում հիվանդությունների վաղ հայտնաբերմանը: Հատուկ անդրադարձ է կատարվել առողջապահական ապահովագրության ընդլայնմանը` ապահովագրվածների թվի կտրուկ ավելացմամբ: Կարևորվել է առողջապահական ծառայություններն առավել հասանելի դարձնելու հարցը: