Ուրբաթ, 13 Հուլիսի 2018 17:58
Ալինա Հովհաննիսյան

ՀՀ կառավարությունը շահագրգռված է Բելգիայի հետ առևտրաշրջանառության ծավալների աճով

ՀՀ կառավարությունը շահագրգռված է Բելգիայի հետ առևտրաշրջանառության ծավալների աճով

Արմինֆո. Բելգիայի Թագավորություն կատարած այցի ընթացքում վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային ճաշ է ունեցել տեղի հայազգի գործարարների հետ, որոնք գործունեություն են ծավալում ադամանդագործության և այլ ոլորտներում: Հանդիպմանը ներկա է եղել նաև Հայ-բելգիական առևտրային պալատի նախագահը:

 

Վարչապետը վերջիններիս է ներկայացրել տնտեսության ոլորտում կառավարության առաջնահերթությունները, անդրադարձել կոռուպցիայի դեմ պայքարին, և ընդհանուր առմամբ, բիզնես միջավայրի բարելավմանը միտված քայլերին, որոնք գործադիրը նախատեսում է կյանքի կոչել առաջիկայում, ինչպես նաև ԵԱՏՄ հնարավորություններին: Նիկոլ Փաշինյանը կարևորել է հայ-բելգիական բիզնես կապերի շարունակական զարգացումը և ընդգծել, որ ՀՀ կառավարությունը շահագրգռված է երկու երկրների միջև առևտրաշրջանառության ծավալների աճով, համատեղ ներդրումային ծրագրերի իրականացմամբ և պատրաստ է քայլեր ձեռնարկել, որոնք կնպաստեն մեր երկրում բելգիական կապիտալի ներկայացվածության ընդլայնմանը:

 

ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության տվյալների համաձայն, Հայաստանի և Բելգիայի միջև արտաքին առևտրաշրջանառությունը 2017 թ. կազմել է $89.6 մլն, ինչը 10%-ով պակաս է մեկ տարի առաջվա ցուցանիշից: Ըստ որում, արտահանումն ավելացել է 9,8%-ով՝ մինչև $45.7 մլն՝ ներմուծման 24,2%-ով, մինչև $43.9 մլն անկման պայմաններում: