
Արմինֆո. ՀԱԷԿ-ը պլանային-նախազգուշական աշխատանքների ընթացքում որոշակի խնդիրների է բախվել: Ինչպես հուլիսի 19-ին կառավարության նիստում նշել է ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Արթուր Գրիգորյանը, «Հայկական ատոմային էլեկտրակայան» ՓԲԸ-ում հունիսի 1-ից սկսվել է 2-րդ էներգաբլոկի պլանային նախապատրաստական վերանորոգման աշխատանքները (ՊՆՎ), որի ավարտը նախատեսված է մինչև 2018թ. օգոստոսի 1-ը: Սակայն, կայանում աշխատանքների ընթացքում ի հայտ են եկել որոշակի խնդիրներ, որոնք պահանջում են չպլանավորված գնումներ:
ՀՀ կառավարությունը քննարկել է «ՀԱԷԿ» ՓԲԸ-ին` 2-րդ էներգաբլոկի պլանային նախապատրաստական վերանորոգման աշխատանքների շրջանակում անհրաժեշտ ապրանքներն ու ծառայությունները անմիջապես արտադրողներից և մեկ անձից ձեռք բերելու թույլտվություն տալու հարցը՝ «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 2-րդ կետերին համապատասխան: Ըստ հիմնավորման՝ ՀԱԷԿ-ի վերագործարկման ժամկետի յուրաքանչյուր օր ուշացումը էներգոհամակարգին կբերի շուրջ 220 մլն դրամի վնաս:
Վարչապետ Փաշինյանը հետաքրքրվել է ՀԱԷԿ-ի գնումների գործընթացով և առաջարկել որոշմանը հավանություն տալ լրացուցիչ քննարկումից հետո միայն: