Երեքշաբթի, 24 Հուլիսի 2018 17:39
Ալեքսանդր Ավանեսով

Սկսվել են ՀՀ 2019 թվականի պետական բյուջեի նախագծի մշակման աշխատանքները

Սկսվել են ՀՀ 2019 թվականի պետական բյուջեի նախագծի մշակման աշխատանքները

Արմինֆո.Կառավարությունում սկսվել են Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեի նախագծի մշակմանն ուղղված աշխատանքները: Մասնավորապես, «ՀՀ 2019 թ. պետբյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի տեքստային մասի նախնական տարբերակի վերաբերյալ իրենց առաջարկություններն են ներկայացնում նախարարություններն ու պետական մյուս գերատեսչությունները: 2019 թվականի պետական բյուջեի նախագիծը մշակվում է ծրագրային բյուջետավորման ձևաչափով: 
 

Ինչպես ԱրմԻնֆո-ին հաղորդեցին կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ պետք է շեշտադրումները դրվեն ծրագրերի բովանդակության վրա և կարևորել բյուջետային ծախսերի արդյունավետության բարձրացումը:

 

Հիշեցնենք, որ նախորդ տարվա դեկտեմբերի 14-ին ԱԺ-ն ուղղումներ է կատարել «Բյուջետային համակարգի մասին՚ օրենքում և հարակից օրենքների փաթեթում, որոնց համաձայն, 2019 թվականին պետբյուջեի նախագիծը կներկայացվի ծրագրային բյուջեավորման ձևաչափով: Բյուջեի յուրաքանչյուր առաձին ծրագրի կատարման համար պատասխանատվություն կկրի համապատասխան լիազոր մարմինը: Երկարաժամկետ ծրագրեր իրագործելիս պետբյուջեի փաթեթում կներկայացվի նաև տեղեկատվություն, որը պետք է ներառի այդ նախագծերի մանրամասն բնութագրերը: Խոսքը վերաբերում է, մասնավորապես, բյուջեի ծրագրերի իրագործման ժամկետներին, պետբյուջեի վրա դրանց ազդեցությանը և առաջիկա մի քանի տարվա ակնկալիքներին: