Ուրբաթ, 27 Հուլիսի 2018 19:09
Ալինա Հովհաննիսյան

Փոխվարչապետ . «Լիդիան Արմենիա» ընկերության վերջին հաղորդումն օբյեկտիվ և հետևողական ուսումնասիրության կարիք ունի

Փոխվարչապետ . «Լիդիան Արմենիա» ընկերության վերջին հաղորդումն օբյեկտիվ և հետևողական ուսումնասիրության կարիք ունի

Արմինֆո «Լիդիան Արմենիա» ընկերության վերջին հաղորդումն օբյեկտիվ և հետևողական ուսումնասիրության կարիք ունի։ «Լիդիան Արմենիա» ընկերության տարածած հաղորդագրության և տեսանյութի վերաբերյալ նման հայտարարությամբ է հանդես եկել փոխվարչապետ Տիգրան Ավինյանը:

 

«Ամուլսարի հանքի շահագործման հարցը սերտորեն փոխկապակցված է մի կողմից Հայաստանի Հանրապետության տնտեսական շահերի և վստահելի գործընկերոջ միջազգային համբավի ձևավորման, իսկ մյուս կողմից՝ բնապահպանական պոտենցիալ ռիսկերի հետ, որոնք անաչառ գնահատման կարիք ունեն։ Հենց այս գնահատականի նպատակով ձևավորվել և արդեն իսկ գործում է աշխատանքային խումբ, որն, անկասկած, հաջողությամբ կիրականացնի այն առաքելությունն, ինչի համար կոչված է, այն է՝ միջազգային ստանդարտներին համապատասխանող՝ հաշվետու հանքարդյունաբերության քաղաքականության ներդրում ու իրագործում։

 

Միևնույն ժամանակ չենք կարող անուշադրության մատնել և չարձանագրել խորը մտահոգություն առաջացնող նոր ի հայտ եկած փաստերը, որոնք չպետք է վրիպեն նաև խնդրով զբաղվող մարմինների ուշադրությունից։ «Լիդիան Արմենիա» ընկերության վերջին հաղորդումն օբյեկտիվ և հետևողական ուսումնասիրության կարիք ունի։

 

Մենք պետք է լիովին վստահ լինենք, որ Ամուլսարի ու ընդհանրապես ողջ Հայաստանի բնության պահպանմամբ մտահոգ և, անկասկած, ազնիվ նպատակներ հետապնդող բնապահպանների ծավալած պայքարից չեն փորձում օգտվել և օպորտունիստական վարքագիծ դրսևորել նեղանձնական շահեր հետապնդող սուբյեկտներ։

 

Հայաստանի Հանրապետության Կառավարությունն Ամուլսարի հանքի շահագործման հարցի անաչառ և օրինական լուծման ապահովման երաշխավորն է։ Այս նպատակով ի հայտ եկած բոլոր փաստերն իրավունքի և օրենքի գերակայության, տնտեսական ազատությունների անվերապահ պահպանման սկզբունքերի հիման վրա պետք է օբյեկտիվ քննության ենթարկվեն։

 

Հայաստանի տնտեսական շահերը, միջազգային վարկանիշը, շրջակա միջավայրի պաշտպանությունը, ինչպես նաև՝ քաղաքացիական ազնիվ պայքարը չեն կարող ու չպետք է շահագործման առարկա դառնան պատեհապաշտների ձեռքում»,- ասել է նա:

 

Նշենք, որ նախօրեին Lydian Armenia ընկերությունը տեսանյութ էր հրապարակել, որում երևում է, թե ինչպես Զանգեզուրի ՊՄԿ-ի ղեկավար Վահե Հակոբյանին սպասարկող ծառայողական ավտոմեքենայով՝ նրա իսկ վարորդը ճանապարհ փակողներին սնունդ է մատակարարում։

 

Հիշեցնենք, որ Lydian Armenia-ն բրիտանական Lydian International-ի դուստր ընկերությունն է, որի բաժնետերերն են նաև ԱՄՆ, Մեծ Բրիտանիայի, մի շարք եվրոպական երկրների միջազգային ինստիտուցիենալ ներրդողներ, այդ թվում` IFC և EBRD: Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման նախագիծն այսօր Հայաստանում արդյունաբերական ամենախոշոր նախագիծն է, որի ընդհանուր արժեքը կազմում է 370 մլն դոլար: 2016 թվականի օգոստոսին տեղի ունեցավ նախագծի մեկնարկի պաշտոնական արարողությունը, որը նախատեսում է շինարարության և հանքավայրի իրացման սկիզբը: Ամուլսարի հանքավայրի շահագործման ժամկետը կկազմի 10 տարի և 4 ամիս, նախատեսվում է տարեկան արդյունահանել 200 հազար ունցիա ոսկի (մոտ 10 մլն. տոննա հանքանյութ): Ընկերության բաժնետոմսերը ցուցակված են Տորոնտոյի ֆոնդային բորսայում: Ամուլսարի հանքավայրն իր պաշարնորով երկրորդն է Հայաստանում: