Հինգշաբթի, 2 Օգոստոսի 2018 15:02
Ալինա Հովհաննիսյան

ՀԲԸՄ-ն շարունակում է ընդլայնել իր աշխատանքները և նոր թափով սկսվելու է սոցիալ-տնտեսական ծրագրերի իրականացումը

ՀԲԸՄ-ն շարունակում է ընդլայնել իր աշխատանքները և նոր թափով սկսվելու է սոցիալ-տնտեսական ծրագրերի իրականացումը

Արմինֆո.ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Արծվիկ Մինասյանը հանդիպում է ունեցել Հայկական բարեգործական ընդհանուր միության ներկայացուցիչների հետ՝ ՀԲԸՄ հայաստանյան գրասենյակի նախագահ Վազգեն Յագուբյանի գլխավորությամբ։

 

Ինչպես տեղեկացրել է ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը, հանդիպմանը մասնակցել են նախարարի տեղակալներ Ալբերտ Բաբայանն ու Ավագ Ավանեսյանը, այլ պաշտոնատար անձինք։ Քննարկման առանցքում նախարարության և համահայկական կառույցի համագործակցությանն առնչվող հարցերն են եղել։

 

Վազգեն Յագուբյանը տեղեկացրել է, որ ՀԲԸՄ-ն շարունակում է ընդլայնել իր աշխատանքները և նոր թափով սկսվելու է սոցիալ-տնտեսական ծրագրերի իրականացումը, ինչը և այս հանդիպման նպատակն է` հասկանալու նախարարության հետ աշխատանքի առաջնահերթությունները, կամուրջ դառնալու Սփյուռքի և Հայաստանի գործարարների համար։ 

 

Արծվիկ Մինասյանը բարձր է գնահատել ՀԲԸՄ շարունակական և նպատակային աշխատանքը և ողջունել տնտեսական ոլորտի նկատմամբ կառույցի փոխգործակցության պատրաստակամությունը և հետաքրքրվածությունը։

 

Նախարարը ներկայացրել է ոլորտում իրականացվող բարեփոխումները, անդրադարձել համագործակցության հնարավոր հեռանկարներին։ Խոսվել է, մասնավորապես, ոլորտային մասնագետների կարողությունների հզորացման, կադրային բազայի լրացման,  ներդրումների խթանման և մի շարք այլ հարցերի մասին։

 

Հանդիպման ավարտին համաձայնություն է ձեռք բերվել սեղմ ժամկետներում համապատասխան տեղեկատվության փոխանակման, անհրաժեշտության դեպքում՝ աշխատանքային խմբերի ստեղծման մասին։