Երկուշաբթի, 6 Օգոստոսի 2018 17:17
Ալինա Հովհաննիսյան

ՀՀ դիվանագիտական առաքելությունների գտնվելու վայրի և ԱԳՆ կոնտակտային տվյալների մասին SMS ծանուցումներ ՎիվաՍել-ՄՏՍ-ի՝ ռոումինգից օգտվող բաժանորդներին

ՀՀ դիվանագիտական առաքելությունների գտնվելու վայրի և ԱԳՆ կոնտակտային տվյալների մասին SMS ծանուցումներ ՎիվաՍել-ՄՏՍ-ի՝ ռոումինգից օգտվող բաժանորդներին

Արմինֆո.Արտերկրում Հայաստանի Հանրապետության դեսպանատների ու հյուպատոսությունների վերաբերյալ տեղեկություններն արդեն հասանելի են Հայաստանից արտերկիր մեկնած՝ ՎիվաՍել-ՄՏՍ-ի բաժանորդների համար: Արտերկիր ժամանելուց հետո այդ երկրի բջջային ցանցում գրանցվելուն պես՝ բաժանորդն ստանում է SMS (կարճ հաղորդագրություն) անվճար ծանուցում, որտեղ նշված է տվյալ երկրում ՀՀ դեսպանատան կամ հյուպատոսության կայքէջերն ու ԱԳՆ թեժ գծի հեռախոսահամարը:

 

Ինչպես տեղեկացրել է ընկերության մամուլի ծառայությունը, ՎիվաՍել-ՄՏՍ-ը Հայաստանում գործող դեռևս միակ օպերատորն է, որ մատուցում է այսպիսի ծառայություն: Ծառայությունը գործարկվել է ՀՀ Արտաքին գործերի նախարարության նախաձեռնությամբ և նպատակ ունի արտերկիր մեկնող ՀՀ քաղաքացիներին իրազեկել ՀՀ դիվանագիտական առաքելությունների գտնվելու վայրի և կոնտակտային տվյալների վերաբերյալ, ինչը հատկապես կարևոր է տվյալ երկրում արտակարգ իրավիճակների դեպքում արագ կապ հաստատելու տեսանկյունից։

 

ՎիվաՍել-ՄՏՍ-ը միջազգային ռոումինգի ծառայություններ է մատուցում աշխարհի շուրջ 200 երկրում՝ 564 ռոումինգ գործընկերների ցանցերում:

 

Նշենք, որ ՎիվաՍել-ՄՏՍ-ը («ՄՏՍ Հայաստան» ՓԲԸ) Հայաստանում հեռահաղորդակցության առաջատար օպերատորն է, որն ունի ամենահզոր 2G/3.75G/4G ցանցը և տրամադրում է ձայնային և տվյալների փոխանցման ծառայությունների բազմազան տեսականի`Հայաստանի ամբողջ տարածքում: ՎիվաՍել-ՄՏՍ-ը նորարարությունների առաջատարն է և հետամուտ է ոլորտի բոլոր զարգացումներին` ի շահ երկրի շարժական հեռահաղորդակցության շուկայի: