Արմինֆո.Հեղինակավոր Moody's միջազգային վարկանշային գործակալությունն Ամերիաբանկին շնորհել է հետևյալ վարկանիշները. ազգային արժույթով երկարաժամկետ ավանդների B1 վարկանիշ, արտարժույթով երկարաժամկետ ավանդների B2 վարկանիշ, կոնտրագենտի ռիսկի երկարաժամկետ Ba3 վարկանիշ:
Ինչպես տեղեկացրել է Բանկի մամուլի ծառայությունը, ազգային արժույթով երկարաժամկետ ավանդների B1 վարկանիշն ունի դրական հեռանկար՝ հիմնված պետական պարտքի B1 վարկանիշի դրական հեռանկարի վրա:
Արտարժույթով երկարաժամկետ ավանդների B2 վարկանիշը հայկական բանկերի համար առավելագույն հնարավոր վարկանիշն է` սահմանափակված է Հայաստանի Հանրապետության արտարժույթով ավանդների առավելագույն շեմով: Վարկանիշն ունի կայուն հեռանկար:
Ամերիաբանկին շնորհված ազգային արժույթով երկարաժամկետ ավանդների վարկանիշն արտացոլում է. բանկի դիվերսիֆիկացված բիզնես ուղղությունները և ամուր դիրքերը տեղական շուկայում ակտիվների բարելավված որակը և հնարավոր կորուստների կլանման կարողությունը` շնորհիվ կապիտալի պատշաճ բուֆերների, բարձր շահութաբերության և խնդրահարույց վարկերի բավարար ծածկույթի,
իրացվելիության բավարար մակարդակը և միջոցների ներգրավման դիվերսիֆիկացված աղբյուրները: Միաժամանակ, Ամերիաբանկի վարկանիշը սահմանափակված է Հայաստանի մակրոտնտեսական ցուցանիշներով և արտարժույթով վարկերի էական տեսակարար կշռով:
Վարկանիշները սահմանելիս` Moody's-ը հիմք է ընդունել մի շարք կարևոր ցուցանիշներ: Մասնավորապես, նվազել է չաշխատող վարկերի տեսակարար կշիռն ընդհանուր վարկային պորտֆելում: 31.03.2018թ. դրությամբ այդ ցուցանիշը կազմել է 3.9%՝ 2017թ. տարեվերջի 4.1%-ի համեմատ, խնդրահարույց վարկերի ծածկման գործակիցը 2018թ. առաջին եռամսյակում կազմել է 87%՝ 2017թ. տարեվերջի 57%-ի համեմատ: Միաժամանակ, տարեվերջին արտարժութային վարկերի տեսակարար կշիռը եղել է բարձր՝ 82%, ինչը բերում է ակտիվների որակի զգայունությանը փոխարժեքային տատանումների նկատմամբ: Սակայն մյուս կողմից, այդ վարկառուների էական մասն արտահանողներ են, որոնք ապահովում են արտարժութային հասույթ, որն էլ մասամբ նվազեցնում է փոխարժեքային տատանումներից բխող վարկային ռիսկը:
Moody's-ը կարևորել է նաև այն համգամանքը, որ Ամերիաբանկն ունի դիվերսիֆիկացված բաժնետիրական կառուցվածք և անհրաժեշտության դեպքում կարող է ներգրավել լրացուցիչ կապիտալ: Մասնավորապես, Ասիական Զարգացման Բանկի ներդրման շնորհիվ 2018 թ. Բանկի սեփական կապիտալը համալրվել է 30 միլիոն ԱՄՆ դոլարով:
Կապիտալի համարժեքության նորմատիվային ցուցանիշը 2018թ. առաջին եռամսյակում կազմել է 14.05%, իսկ Բազել I-ի պահանջներին համապատասխան՝ շուրջ 19%: 2018թ. առաջին եռամսյակում բանկի զուտ շահույթը կազմել է 2.56 մլրդ ՀՀ դրամ (56% աճ՝ 2017թ. նույն ժամանակահատվածի համեմատ): Արդյունքում` ակտիվների միջին եկամտաբերությունը տարեկան կտրվածքով կազմել է 1.5%, եկամտաբերությունն ըստ կապիտալի ՝ 13.4%:
Նշենք, որ Ամերիաբանկը Հայաստանի դինամիկ զարգացող բանկերից է և դասվում է երկրի ամենակայուն և խոշոր ֆինանսական հաստատությունների շարքին: «Ամերիաբանկ» ՓԲԸ ունիվերսալ բանկ է, որը մատուցում է կորպորատիվ, ներդրումային և մանրածախ բանկային ծառայություններ` տրամադրելով բանկային լուծումների ամբողջական փաթեթ: Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք այցելել www.ameriabank.am: