Արմինֆո. Առողջապահական ապահովագրության ոլորտը պետք է առողջացնել, բուժհիմնարկների հետ ոչ ֆորմալ պայմանավորվածություններին պետք է վերջ դնել, իսկ որ այդպիսիք կան` տեղյակ ենք»,- հայաստանյան ապահովագրական ընկերությունների ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ ընդգծել է առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:
Նախարարի խոսքով` սոցիալական փաթեթի շրջանակներում ապահովագրական ծառայությունների մատուցման որակը պետք է բարձրացվի: Հիմնական անելիքներից է նաև ապահովագրության շրջանակի ընդլայնումն ու ապահովագրվածների թվաքանակի կտրուկ ավելացումը: Իսկ այս նպատակին պետք է հասնել առավել արդյունավետ աշխատող, միաժամանակ հնարավորին չափ քիչ ծախսատար համակարգ ունենալով: «Այս առումով քաղաքացիների վստահությունը շահելն ու նրանց կողմից ստացվող բողոքների կրճատումը պետք է լինի մեր ընդհանուր օրակարգում»,-ասել է Թորոսյանը:
Անդրադարձ է կատարվել ընկերություններին հետաքրքրող հարցերին, մասնավորապես, նաև բժշկական սխալի ապահովագրության ներդրման թեմային: Նախարարը շեշտել է, որ ոլորտին առնչվող ցանկացած հարց նախարարությունում կդառնա քննարկման թեմա:
Նշենք, որ 2017-ի հոկտեմբերի 1-ի Հայաստանում սկսվել է պարտադիր բժշկական ապահովագրության փուլային ներդրումը, սկսած պետական աշխատողների սոցիալական փաթեթից, որի համաձայն, շահառուների թիվը կազմում է մոտ 100 հազար մարդ, որոնք ֆինանսավորվում են Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության պետական միջոցների հաշվին: Երկրորդ փուլում, 2018 թվականի երկրորդ կեսից, սոցիալական փաթեթը կներառի բնակչության առավել անապահով հատվածին`612 հազար անապահով քաղաքացիների: Միայն մեկ տարի անց, այս երկու փուլերի դրական արդյունքներով, համակարգն ամբողջությամբ կաշխատի Հայաստանում, ընդգրկելով երկրի մնացած բոլոր քաղաքացիներին: