Չորեքշաբթի, 15 Օգոստոսի 2018 08:31
Ալինա Հովհաննիսյան

Ամերիկա-նիդերլանդական կապիտալով Gazelle Finance ՈւՎԿ-ն ձեռնամուխ է լինում Հայաստանում ներդրումային գործունեությանը

Ամերիկա-նիդերլանդական կապիտալով Gazelle Finance ՈւՎԿ-ն ձեռնամուխ է լինում Հայաստանում ներդրումային գործունեությանը

Արմինֆո. Հայաստանի ֆինանսական շուկա է մուտք գործում նոր խաղացող` ամերիկա-նիդերլանդական կապիտալով Gazelle Finance ունիվերսալ վարկային կազմակերպությունը: Այդ մասին Հայաստանում ՈւՎԿ գործունության մեկնարկին նվիրված միջոցառմանը հայտարարել է Հայաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը: Gazelle Finance-ի բաժնետերերն են` ԱՄՆ կառավարությանն առընթեր Արտասահմանում մասնավոր կապիտալ ներդրումների կորպորացիան (OPIC) և Հոլանդական զարգացման հիմնադրամը (FMO):

 

«Ամերիկյան կապիտալով ֆինանսական կազմակերպության առկայությունը վկայում է հայաստանյան տնտեսության հանդեպ մեր վստահության մասին: ԱՄՆ-ից ներդրողները շարունակում են ուշադրությամբ հետևել Հայաստանում տիրող իրավիճակին և նոր կառավարության կողմից նախաձեռնվող փոփոխություններին՚,- ասել է նա:

 

Պատասխանելով ԱրմԻնֆո-ի հարցին` Gazelle Finance-ի գլխավոր գործադիր տնօրեն Ջեֆրի Լիբերթը նշել է, որ ՈՒՎԿ սկզբնական կապիտալը կազմել է $42 մլն, որոնք կուղղվեն տնտեսության տարբեր հատվածներում` ՏՏ, ագրոհատված, ծառայությունների ոլորտ, զբոսաշրջություն և այլն, գործունեություն իրականացնող Հայաստանի ՓՄԲ ֆինանսավորմանը: «Մինչև տարվերջ մենք արդեն ընտրել ենք 3 ձեռնարկություն, որոնց ներդրումային աջակցություն կցուցաբերվի: Հաջորդ տարի շահառու կդառնա 5-ից մինչև 10 ձեռնարկություն՚,- ընդգծել է նա:  Ջ. Լիբերթը պարզաբանել է, որ ֆինանսավորումն ուղղվում է տարեկան 20% և ավելի բարձր աճ ապահովող և  դինամիկ զարգացող ՓՄԲ-ին: Ֆինանսավորման գումարը կկազմի $100 հազարից մինչև $1 մլն: Ավելին, նրա խոսքով, շահառուներին կտրամադրվի տեխնիկական աջակցություն, ռեսուրսներ և խորհրդատվություններ: «Ինչո՞ւ ենք մենք Հայաստանում: Քանի որ այստեղ ձեռնարկատիրությունն արագորեն զարգանում: Եվ մեր նման կազմակերպությունը կարող է աջակցել տնտեսական զարգացման և աշխատատեղերի ստեղծման հարցում՚,- ավելացրել է նա: 

 

Տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Արծվիկ Մինասյանն իր հերթին ընդգծել է, որ Gazelle Finance-ի հետ հայ ձեռնարկատերերի համագործակցությունը կարող է հեռանկարներ բացել ինստիտուցիոնալ ներդրողների հետ համագործակցության համար, ինչպիսին` OPIC-ն է: «Վստահ եմ, որ Հայաստանի ֆինանսական շուկա այդ խաղացողի մուտքն առաջին հերթին կօգնի կառավարման նոր մշակույթի ձևավորման գործընթացին, երկրորդ` կապահովի ԱՄՆ-ից և այլ երկրներից ֆինանսական հոսքերը՚,- նշել է նախարարը:

 

OPIC-ը հիմնադրվել է 1974թ. և այդ ժամանակվանից ի վեր 88 միլիոն ԱՄՆ դոլարի ֆինանսավորում ու ապահովագրություն է ապահովել Հայաստանի հետ կապված 14 ծրագրերի շրջանակում, որոնք ուղղված էին մի շարք ոլորտների, այդ թվում՝ զբոսաշրջության և ֆինանսական ծառայությունների ոլորտներին: Այս պահին Կովկասում OPIC-ի ներդրումների ընդհանուր գումարը կազմում է շուրջ 168 միլիոն ԱՄՆ դոլար:

 

FMO-ն Հոլանդական զարգացման բանկ է: Որպես առաջատար ներդրող` FMO- ն զարգացող երկրներում և զարգացող շուկաներում աջակցում է մասնավոր հատվածի կայուն աճին` ներդրումներ իրականացնելով հավակնոտ ծրագրերում և ձեռնարկություններում:  FMO- ն շեշտը դնում է տնտեսության զարգացման համար կարևոր երեք ոլորտների վրա` ֆինանսական հաստատություններ, էներգետիկա և ագրոբիզնես, սնունդ և ջրային տնտեսություն: