Արմինֆո.Իրանը և Հայաստանը գյուղատնտեսական տեխնիկայի համատեղ արտադրության կազմակերպման վերաբերյալ փոխըմբռնման հոշագիր են ստորագրել: Այդ մասին, ինչպես հայտնում է Mehr իրանական գործակալությունը, հայտարարել է Հայաստանում Իրանի առևտրային կցորդ Մոհսեն Ռահիմին:
Համաձայնագրի համաձայն՝ իրանական կողմը Հայաստան կարտահանի գյուղտեխնիկայի հավաքման լրակազմեր, ինչպես նաև տեխնիկա կհավաքի ՀՀ-ում: Հայկական կողմը խոստացել է տեխնիկական, տեղեկատվական և իրավական աջակցություն ցուցաբերել: <Առաջին փուլում իրանական ընկերությունը ձգտում է դուրս գալ Հայաստանի շուկա, իսկ այնուհետև արտադրանքն արտահանել Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններ>,- հայտնում է Mehr-ը:
Ավելի վաղ ԱրմԻնֆո-ն հայտնել էր, որ Business Armenia (BA) հիմնադրամը և իրանական Arad Agricultural Machinery ընկերությունը օգոստոսի 10-ին ստորագրել են համագործակցության հուշագիր, որի շրջանակներում վերջինս կներդնի 1 մլն դոլար Երևանում գյուղատնտեսական տեխնիկա և արտադրական սարքավորումներ արտադրելու համար: BA գործադիր տնօրեն Արմեն Ավակ Ավակյանի խոսքերով, սկզբում կստեղծվի 20 աշխատատեղ, իսկ վերապատրաստումից հետո նրանց թիվը կհասնի 100-ի: Նա ընդգծել է, որ արտադրության համար հումքը կբերվի Իրանից, ինչպես նաև Հայաստանից և այլ երկրներից: Arad Agricultural Machinery գործադիր տնօրեն Նասեր Ռահիմը հույս է հայտնել, որ արտադրությունը կսկսվի երկու ամսից: ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության տվյալներով, Հայաստանի և Իրանի միջև առևտրաշրջանառությունը 2017 թվականին կազմել է 263.4 մլն դոլար, տարեկան աճը` 10.1%: Մասնավորապես, արտահանումն ավելացել է 11.8%, կազմելով 84.2 մլն դոլար, իսկ ներմուծումը`9.3%, մինչև 179.2 մլն դոլար: 2018 թվականի առաջին կեսին երկու երկրների միջև առևտրաշրջանառությունը կազմել է 154.6 մլն դոլար, տարեկան աճը`40.8%: Մասնավորապես, արտահանումն աճել է 39.1% և կազմել 48.1 մլն դոլար, իսկ ներմուծումը`41.6%, հասնելով 106.5 մլն դոլարի: