Հինգշաբթի, 23 Օգոստոսի 2018 13:18
Ալեքսանդր Ավանեսով

Նախարար. Հայաստանում աղետալի իրավիճակ է ստեղծվել՝ գետերում ձկան պաշարների հետ կապված

Նախարար. Հայաստանում աղետալի իրավիճակ է ստեղծվել՝ գետերում ձկան պաշարների հետ կապված

Արմինֆո. Հայաստանի բազմաթիվ փոքր հիդրոէլեկտրակայանները լուրջ վնաս են հասցնում էկոլոգիային, ինչի հետ կապված՝ գետերում ձկան պաշարների հետ կապված իրավիճակն աղետալի է դարձել: Այդ մասին օգոստոսի 23-ին կառավարության նիստի ժամանակ հայտարարել է բնապահպանության նախարար Էրիկ Գրիգորյանը՝ ներկայացնելով <ՀՀ ջրային օրենսգրքում լրացում և փոփոխություններ կատարելու մասին> օրենքի նախագիծը:

 

Նախարարի խոսքով, փոքր ՀԷԿ-երի անվերահսկելի գործունեության հետևանքով ձկների պոպուլյացիան հանրապետության ջրավազաններում կտրուկ նվազել է: Օրինագծով առաջարկվում է արգելել նոր փոքր հիդրոէլեկտրակայնների կառուցման թույլտվությունների տրամադրումը, եթե դրանց կառուցումը նախատեսված է Կարմիր գրքում գրանցված ձկներ պարունակող ջրավազանների վրա: Ինչպես նաև կարգելվի փոքր ՀԷԿ-երի կառուցումը, եթե դերիվացիոն խողովակաշարերի բեռնվածությունը կազմում է ավելի քան 40%, ինչպես նաև ջրի ծավալների չափման կետերի բացակայության դեպքում: Բացի այդ, ջրավազանային կառավարման պլան չունեցող տարածքներում ջրօգտագործման թույլտվության գործողության ժամկետը չի կարող 5 տարուց ավելի լինել: Էլեկտրական էներգիայի արտադրության լիցենզիա ստանալու նպատակով ջրօգտագործման թույլտվության համար դիմած անձին (անկախ տվյալ տարածքում ջրավազանային կառավարման պլանի առկայության հանգամանքից) ջրօգտագործման թույլտվությունը տրվում է 1 տարի ժամկետով, որը լիցենզիայի ստացման դեպքում համարվում է երկարաձգված` լիցենզիայի ժամկետին հավասար, բայց ոչ ավելի, քան 20 տարին:

 

Նշենք, որ կառավարությունը հաստատել է օրինագիծը, որը սահմանված կարգով կուղարկվի Ազգային ժողով:

 

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կոչ է արել պատասխանատու անձանց մշակել  ջրային պաշարների ոչ արդյունավետ օգտագործման հետ կապված խնդիրների լուծման <ճանապարհային քարտեզ>, ինչպես նաև պահանջել ուժեղացնել էկոլոգիայի ոլորտում օրինականության նկատմամվ վերահսկողությունը և պատասխանատու մոտեցում ցուցաբերել հարցի լուծմանը:

 

Ավելի վաղ ջրային ռեսուրսների մասնագետ Քնարիկ Հովհաննիսյանն ԱրմԻնֆո-ի թղթակցի հետ զրույցում հայտարարել էր, որ նոր փոքր ՀԷԿ-երի շահագործման հանձնումը բացասաբար կանդրադառնա Հայաստանի ջրային ռեսուրսների պաշարների վրա: Նա փաստել էր, որ իրականում ՀԷԿ-երն էներգիայի էկոլոգիապես ամենաանվտանգ աղբյուրներն են, քանի որ տեղի է ունենում միայն ջերմային աղտոտում: Սակայն, էկոլոգի ասելով, տեղադրման և շահագործման կանոնների խախտումը հանգեցնում է կործանարար հետևանքների` ընդհուպ ջրային ռեսուրսների սպառման: