Հինգշաբթի, 23 Օգոստոսի 2018 22:28
Նաիրա Բադալյան

Հայաստանի մի շարք համայնքներ սուբվենցիաների տեսքով կստանան 1.237 մլրդ.դրամ

Հայաստանի մի շարք համայնքներ սուբվենցիաների տեսքով կստանան 1.237 մլրդ.դրամ

Արմինֆո. Օգոստոսի 22-ին ՀՀ փոխվարչապետ Արարատ Միրզոյանի մոտ տեղի է ունեցել սուբվենցիաներ ստանալու համար ծրագրային հայտերի գնահատման միջգերատեսչական հանձնաժողովի հերթական նիստը։ Քննարկման է ներկայացվել ՀՀ 30 համայնքներից ստացված 45 ծրագիր՝ ուղղված համայնքների տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանը։

 

Ինչպես տեղեկացրել է կառավարության մամուլի ծառայությունը, ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարությունից նիստին մասնակցել են տարածքային կառավարման և զարգացման նախարարության փոխնախարար Դավիթ Գևորգյանը և տարածքային ներդրումային քաղաքականության և ենթակառուցվածքների զարգացման  վարչության պետ Նարինե Ավետյանը։

 

Քննարկման արդյունքներով հանձնաժողովի կողմից հավանության է արժանացել 35 ծրագիր: Նիստի ընթացքում զեկուցվել է, որ հավանության արժանացած 35 ծրագրի ընդհանուր գումարը կազմել է 1,237 մլրդ ՀՀ դրամ, որից համայնքների կողմից համաֆինանսավորման չափը 619,2 մլն ՀՀ դրամ, ՀՀ պետական բյուջեից համաֆինանսավորման չափը` 509,1 մլն ՀՀ դրամ, իսկ 109,1 մլն ՀՀ դրամը մասնավոր հատվածի միջոցներն են:

 

Թվով 5 ծրագիր ներկայացվել է լրամշակման՝ հաջորդ նիստին քննարկելու նպատակով: Ներկայացված ծրագրերն ուղղված են համայնքների տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանը․ փողոցների ասֆալտապատում և բարեկարգում, էներգախնայողություն, փողոցային լուսավորություն, խմելու ջրի և ոռոգման համակարգերի կառուցում և վերանորոգում, ինչպես նաև մանկապարտեզների, մշակութային տների, համայնքային կենտրոնների կառուցում և վերանորոգում։