Արմինֆո. ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկը և Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը (EBRD) կնքել են 17 մլն ԱՄՆ դոլարի չափով վարկային պայմանագիր։
Ինչպես տեղեկացրել է Բանկի մամուլի ծառայությունը, ներգրավված վարկային միջոցները ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկը ուղղելու է փոքր և միջին ձեռնարկությունների ֆինանսավորմանը, այդ թվում 3 մլն ԱՄՆ դոլար «Կանայք բիզնեսում» ծրագրի շրջանակում ուղղվելու է կանանց կողմից ղեկավարվող կամ հիմնադրված ձեռնարկությունների ֆինանսավորմանը, իսկ 4 միլիոնը ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ֆինանսական խմբի անդամ ԱԳԲԱ Լիզինգի միջոցով տրամադրվելու է էներգաարդյունավետ նախագծերի իրականացմանը։ ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկը EBRD-ի հետ կնքած պայմանագրի շրջանակում ՓՄՁ-ների ֆինանսավորումը հիմնականում իրականացնելու է ՀՀ դրամով։
Ըստ ԱրմԻնֆո գործակալության` Հայաստանի բանկերի ֆինանսական վարկանիշի 2018 թվականի արդյունքների, ՓՄՁ ոլորտի վարկավորման մոտ 49 մլրդ դրամ ծավալով ԱԿԲԱ-Կրեդիտ Ագրիկոլ Բանկը գտնվում է առաջին տասնյակում, տարեկան աճը`17.7%: ՓՄՁ ոլորտին բանկային համակարգի կողմից ուղղված ընդհանուր ծավալներում ԱԿԲԱ-Կրեդիտ Ագրիկոլի մասնաբաժինը գերազանցում է 7% -ը, իսկ Բանկի վարկային պորտֆելում այս ոլորտի վարկավորման մասնաբաժինը հասնում է 22% -ի:
Նշենք, որ ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկը Հայաստանում գործում է 1995 թվականից: 2006 թվականի սեպտեմբերից որպես բանկի մեծամասնական բաժնետեր է հանդես գալիս եվրոպական խոշորագույն Credit Agricole S.A. բանկային խումբը` կապիտալում 15,56% մասնակցությամբ, որին հաջորդում է SJSC «Sacam International»-ը (Credit Agricole S.A խմբի անդամ)`12,44% և «ACBA Federation» CJSC` 71%: ԱԿԲԱ-Կրեդիտ Ագրիկոլ Բանկը մասնաճյուղերի իր ցանցով երրորդն է համակարգում: Բանկն իր հիմնական հաշվեկշռային ցուցանիշներով գտնվում է առաջին հնգյակում: Բանկի ընդհանուր կապիտալը 2018 թվականի հուլիսի 1-ի դրությամբ կազմել է 61.7 մլրդ դրամ (3-րդ տեղ), ակտիվները` 316.2 մլրդ (4-րդ տեղ), վարկային պորտֆելը`225.5 մլրդ (4-րդ տեղ), ընդհանուր պարտավորությունները` 254.6 մլրդ դրամ (4-րդ տեղ): 2018 թվականի առաջին կիսամյակը ԱԿԲԱ-Կրեդիտ Ագրիկոլ Բանկը եզրափակել է 3.9 մլրդ.դրամի զուտ շահույթով (3 տեղ), որի տարեկան կտրվածքով աճը կազմել է 44%: