Հինգշաբթի, 30 Օգոստոսի 2018 10:05
Ալեքսանդր Ավանեսով

Հայաստան-Վրաստան ԷՀԳ կառուցման նախագծի նորացված ՏՏՀ-ն պատրաստ կլինի մինչև տարեվերջ

Հայաստան-Վրաստան ԷՀԳ կառուցման նախագծի նորացված ՏՏՀ-ն պատրաստ կլինի մինչև տարեվերջ

Արմինֆո. Մինչև ընթացիկ տարվա վերջը կավարտվի Հայաստան-Վրաստան չորրորդ ԷՀԳ կառուցման նախագծի տեխնիկատնտեսական հիմնավորման նորացված տարբերակի շուրջ աշխատանքը: Այդ մասին նախօրեին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Արթուր Գրիգորյանը:

 

Նրա խոսքով, հիմնական նպատակը նախագիծն էժան դարձնելն է՝ Հայաստանի Հանրապետության վրա պարտքային բեռը մեղմելու նպատակով: Արթուր Գրիգորյանը հիշեցրել է, որ ավելի վաղ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանձնարարել էր ուսումնասիրել այդ նախագծի համար ներդրումների գումարի կրճատման հնարավորությունները՝երկրի պետական պարտքը չմեծացնելու նպատակով: Այս համատեքստում նախարարը համաձայնել է, որ Հայաստան-Վրաստան ԷՀԳ շահագործման հանձնելու ժամկետներում ճշգրտումներ կկատարվեն: <Հազիվ թե մենք կարողանանք իրականացնել նախագիծը մինչև 2019 թ. վերջը>,- փաստել է Արթուր Գրիգորյանը:

 

Նա ավելացրել է նաև, որ Իրան-Հայաստան ԷՀԳ կառուցումն այսօրվա դրությամբ կատարվել է ընդամենը 15%-ով: Նախագծի մասնակիցները պայմանավորվել են արագացնել այդ ծրագրերի կատարումը: Երկու նոր ԷՀԳ կառուցմամբ Իրանից Հայաստանով դեպի Ռուսաստան էլեկտրաէներգիայի մատակարարումների հնարավորություն կառաջանա, ինչը շատ կարևոր է երկրի համար: