
Արմինֆո. Հայաստանում գործող 27 մետաղական հանքավայրերից 10-ում խախտումներ են արձանագրվել: Այդ մասին նախօրեին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Արթուր Գրիգորյանը:
Նրա խոսքով, այդ հանքավայրերում ստուգումների արդյունքում պարզվել է, որ խախտումները հիմնականում վերաբերել են ընկերությունների կողմից իրենց հարկային պարտավորությունների չկատարմանը: Հայտնաբերված խախտումների վերացման և ստանձնած պարտավորությունների կատարման համար հանքավայրերը շահագործողներին 90 օր ժամանակ է տրամադրվել: Հակառակ դեպքում, ինչպես նշել է նախարարը, նրանք կզրկվեն լցենզիաներից:
Նշենք, որ օգտակար հանածոների պաշարների պետական հաշվեկշռում ներկայումս հաշվառված է հաստատված պաշարներով պինդ օգտակար հանածոների ավելի քան 670 հանքավայր, այդ թվում` 30 մետաղական: Նշված հանքավայրերից շահագործվում են շուրջ 400-ը` այդ թվում` 22 մետաղական: Մետաղական օգտակար հանածոների թվում առկա են 7 պղնձամոլիբդենային, 4 պղնձի, 14 ոսկու և ոսկի-բազմամետաղային, 2 բազմամետաղային, 2 երկաթահանքային և 1 ալյումինահանքային հանքավայր: Ոչ մետաղական հանքային պաշարների հարստությամբ ու բազմազանությամբ Հայաստանի Հանրապետությունն աշխարհում առաջատար տեղ է գրավում:
Անկախ դիտորդների կարծիքով, նախկին իշխանությունները պայմանավորվածություններ են ունեցել ընդերքօգտագործողների հետ, որոնք օգտագործելով իրենց օֆշորային ընկերությունները, իջեցված գներով հանքաքարային խտանյութ են վաճառել նրանց: Իսկ վերջիններս իրենց հերթին շուկայական գներով վերավաճառել են այն վերջնական սպառողներին: Այսպիսով՝ հանրապետությունն օգտակար հանածոների վաճառքից եկամուտների գրեթե կեսը պակաս է ստացել:
RUB | 4.72 | 0.01 |
USD | 382.09 | -0.43 |
EUR | 442.04 | -0.69 |
GBP | 501.45 | -1.10 |
CAD | 272.59 | -0.05 |
JPY | 24.67 | -0.13 |
CNY | 53.68 | -0.05 |
CHF | 477.91 | 0.95 |

