
Արմինֆո. ՀՀ Կոտայքի մարզի Հրազդան քաղաքում կստեղծվի ազատ տնտեսական գոտի (ԱՏԳ)՝ օտարերկրյա ուղղակի ներդրումների, երկրի ներդրումային գրավչության բարձրացման, բարձր և տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում արտահանման ուղղվածություն ունեցող արտադրանքի ստեղծման, նոր աշխատատեղերի ստեղծման և կայուն տնտեսական զարգացումը խթանելու նպատակով:
Կառավարությունն ընդունել է համապատասխան որոշում՝ հիմք ընդունելով «ԷԿՈՍե ՓԲԸ-ի մասնավոր նախաձեռնությամբ ՀՀ Կոտայքի մարզի Հրազդան քաղաքում ազատ տնտեսական գոտի ստեղծելու և այդ գոտու կազմակերպիչ ճանաչվելու համար ներկայացված հայտը: Ընկերությունը նախատեսում է այդ տարածքում մինչև 2043 թ. ներգրավել շուրջ 200 շահագործողի: Սկզբնական շրջանում նախատեսվում է ստեղծել 22 աշխատատեղ, իսկ ընդհանուր առմամբ ԱՏԳ շահագործման արդյունքում կանխատեսվում է 300 նոր աշխատատեղի ստեղծում: Կազմակերպիչը նախատեսում է կատարել մինչև 4 մլն դոլարի ներդրում: Հրազդանում ստեղծվող ազատ տնտեսական գոտին կլինի 4-րդը Հայաստանում:
Վարչապետը հետաքրքրվել է Մեղրիի ազատ տնտեսական գոտու զարգացմանն ուղղված քայլերից, ինչին ի պատասխան ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Արծվիկ Մինասյանը նշել է, որ այդ նպատակով կստեղծվի աշխատանքային խումբ, որի վերաբերյալ համապատասխան որոշման նախագիծն արդեն ներկայացվել է վարչապետի աշխատակազմ: «Մենք այնտեղ ունենք 2 տարածք, որոնք պետք է անպայման գերակա հանրային շահ ճանաչելու սկզբունքով տրամադրենք կազմակերպչին՝ որպես պետական սեփականություն: Արդյունքում կկարողանանք սահմանային գոտին ավելի հստակ գծել և շահագործողներին ավելի լավ տարածքներ առաջարկելե,-ասել է նախարարը: