Հինգշաբթի, 30 Օգոստոսի 2018 15:55
Ալեքսանդր Ավանեսով

Հայաստանը և KfW բանկը քննարկում են Կապսի ջրամբարի արդիականացման ծրագիրը 

Հայաստանը և KfW բանկը քննարկում են Կապսի ջրամբարի արդիականացման ծրագիրը 

Արմինֆո. Բնապահպանության նախարար Էրիկ Գրիգորյանն այսօր ընդունել է աշխատանքային այցով Հայաստան ժամանած Գերմանական զարգացման բանկի /KfW/ համայնքային ենթակառուցվածքային ծրագրերի տարածաշրջանային ղեկավար Մարիոն Քնիշին, «ՋՌՀԿ/Ախուրյան գետ» ծրագրի նորանշանակ ղեկավար Ռոբերտ Ռոտին և հայաստանյան ներկայացուցիչ Զառա Չատինյանին:

 

Ինչպես տեղեկացրել է նախարարության մամուլի ծառայությունը, բնապահպանության նախարարը ողջունել է հյուրերին Հայաստանում, անդրադարձել KfW բանկի հետ բնապահպանության ոլորտում ծավալված համագործակցությանը՝ շեշտելով այն ընդլայնելու և խորացնելու անհրաժեշտությունը։

   

Մարիոն Քնիշը, շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, ներկայացրել է KfW բանկի ֆինանսավորմամբ իրականացվող Կապսի ջրամբարի կառուցման ծրագրի ընթացքը։ Հյուրն անդրադարձել է ծրագրի շրջակա միջավայրի վրա և սոցիալական ազդեցության  գնահատման գործընթացին։

  

Նախարար Էրիկ Գրիգորյանն առաջնային է համարել Հայաստանի ջրային ռեսուրսների արդյունավետ կառավարմանն ուղղված համալիր միջոցառումների իրականացումը, ինչը պայմանավորված է գլոբալ կլիմայական փոփոխություններով ու գյուղատնտեսության ծավալների աճով և այդ առումով կարևորել գերմանական կողմի հետ մեծածավալ ծրագրերի  իրագործումը։ Հյուրերի խնդրանքով բնապահպանության նախարարը ներկայացրել է նաև ջրային ոլորտի ներկայիս վիճակը և առկա խնդիրների լուծման նպատակով տարվող քաղաքականության հիմնական ուղղությունները։

 

Հանդիպման ավարտին կողմերը ևս մեկ անգամ վերահաստատել են համատեղ արդյունավետ աշխատանքին միտված հանձնառությունը և համագործակցության խորացման պատրաստակամությունը:

 

Հիշեցնենք, որ ավելի վաղ KfW բանկը Հայաստանին տրամադրել էր 50 մլն եվրոյի վարկ և 2 մլն եվրո դրամաշնորհ`Կապսի ջրամբարի կառուցման ծրագրի իրականացման համար: Միջոցները տրամադրվել են 15 տարի ժամկետով, 5 տարի արտոնյալ ժամանակահատվածով` ֆիքսված վարկի տոկոսադրույքով: Ֆինանսական միջոցները կօգտագործվեն Կապսի ջրամբարի վերականգնմանը և ենթակառուցվածքների վերազինմանը: Մասնավորապես, Ախուրյան գետի վրա 25 մլն խորանարդ մետր հզորությամբ ջրամբարի վերակառուցմանը, որը թույլ կտա այդ ռեսուրսն օգտագործել բացառապես ոռոգման նպատակով: