Արմինֆո. Կոնվերս Բանկն հաջողությամբ ավարտել է պարտատոմսերի հերթական տեղաբաշխումը: 2018թ ապրիլի 26-ին սկսված գործընթացի շրջանակներում տեղաբաշխվել են պարտատոմսեր երեք արժույթներով: Այս մասին տեղեկացրել է Բանկի մամուլի ծառայությունը:
«Կոնվերս Բանկի պարտատոմսերի հերթական թողարկման շրջանակներում տեղաբաշխվել են ոչ միայն դրամային և դոլարային, այլև եվրո արժույթով պարտատոմսեր: Բոլոր արժույթներով պարտատոմսերի շրջանառության ժամկետը 36 ամիս է՝ նախորդ թողարկումների 24 ամիս ժամկետի փոխարեն»,-ասել է Կոնվերս Բանկի Ֆինանսական տնօրեն Հրանտ Հակոբյանը:
Դրամային պարտատոմսերի թողարկման ընդհանուր ծավալը 3 մլրդ դրամ է՝ տարեկան 9,5% արժեկտրոնային եկամտաբերությամբ:
Դոլարային պարտատոմսերի թողարկման ընդհանուր ծավալը 10 մլն դոլար է՝ տարեկան 5,25% արժեկտրոնային եկամտաբերությամբ: Եվրո արժույթով պարտատոմսերի թողարկման ընդհանուր ծավալը 5 մլն եվրո է՝ տարեկան 4% արժեկտրոնային եկամտաբերությամբ: Արժեկտրոնների վճարման պարբերականությունը կիսամյակային է:
Սեպտեմբերի 5-ին պարտատոմսերը կցուցակվեն «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա» ֆոնդային բորսայի կորպորատիվ պարտատոմսերի հարթակում՝ երկրորդային շուկայում շրջանառվելու համար: Պարտատոմսերը երաշխավորված են Ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամի կողմից:
Նշենք, որ սեպտեմբերի 4-ի դրությամբ ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա բորսայում շրջանառվում են Կոնվերս Բանկի կողմից 2017 թվականի մայիսին, օգոստոսին և հոկտեմբերին թողարկված դոլարային երկու տրանշերը, համապատասխանաբար`$ 6 մլն և $ 4 մլն և 1 մլրդ ՀՀ դրամ ծավալներով: Դոլարային պարտատոմսերի եկամտաբերությունը կազմել է 5.75% և 5.25%, իսկ ՀՀ դրամով պարտատոմսերինը`10.5%: Երեքի համար էլ շրջանառության ժամկետը սահմանված է 2 տարի, իսկ արժեկտրոնային վճարումները կատարվում են յուրաքանչյուր վեց ամիսը մեկ անգամ:
Ըստ ԱրմԻնֆո գործակալության` Հայաստանի Բանկերի ֆինանսական վարկանիշի 2018 թվականի հուլիսի 1-ի տրվալների, Կոնվերս բանկը պարտատոմսերի տեղաբաշխումից ներգրավել է 13,5 մլրդ դրամ ($ 27.8 մլն), տարեկան աճը`4,6 անգամ, ներգրավման ծավալներով զբաղեցնելով 4-րդ տեղը (2,3 անգամ), եռամսյակային աճով` առաջին տեղը, - առաջին դիրքորոշումը, իսկ տարեկան աճով`երկրորդ տեղը: Կոնվերս Բանկի ակտիվները կազմել է 257 մլրդ դրամ, պարտավորությունները`220.2 մլրդ դրամ, ընդհանուր կապիտալը`36.8 մլրդ դրամ: 2018-ի I կիսամյակում Բանկի զուտ շահույթը գերազանցել է 2 մլրդ դրամը, տարեկան աճը` 34.3%: Նշենք, որ «Կոնվերս Բանկ՚ ՓԲԸ գործում է 1996 թվականից: Բանկի բաժնետերերն են` «Ըդվանսդ Գլոբալ Ինվեսթմենթսե ԷլԷլՍի (80,94%), «ՀայՓոստ Թրասթ Մենեջմենթե Բի. ՎԻ. Ընկերություն (14.06%) և Հայաստանյաց Առաքելական Սուրբ Եկեղեցի (5%):