Արմինֆո. ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Արծվիկ Մինասյանը հանդիպում է ունեցել շվեյցարական «Swiss Reinsurance Company» ընկերության Հայաստանում արտահանման ապահովագրության գծով պատասխանատու Մագնուս Նիգշեի և միջազգային ճանաչում ունեցող «Malakut-Trade Credit Insurance» ապահովագրական բրոքերային ընկերության գլխավոր գործադիր տնօրեն Աուդրիուս Ռոսինասի հետ։
Ինչպես տեղեկացրել է նախարարության մամուլի ծառայությունը, հանդիպմանը մասնակցել են ՏԶՆ նախարարի տեղակալ Ավագ Ավանեսյանը, «Հայաստանի արտահանման ապահովագրական գործակալություն» ԱՓԲԸ գործադիր տնօրեն Արմեն Շահնազարյանը, ՏԶՆ Միջազգային համագործակցության վարչության պետ Արմեն Այվազյանը, Ճյուղային տնտեսական քաղաքականության վարչության պետ Արմեն Եգանյանը, այլ պաշտոնատար անձինք։
Նախարարը ողջունել է հյուրերին, շնորհակալություն հայտնել Հայաստանի արտահանման ապահովագրական գործակալության հետ իրականացվող աշխատանքների և համագործակցության ընթացքում արձանագրված արդյունքների համար։ Արծվիկ Մինասյանն անդրադարձել է արտահանման ապահովագրության գործընթացին, նշել ներդրումային ապահովագրության և, մասնավորապես, օտարերկրյա ներդրողների ապահովագրության գործընթացի կազմակերպման անհրաժեշտությունը, այդ թվում` ապահովագրությունը քաղաքական ռիսկերից։
«ՀԱԱԳ» ԱՓԲԸ գործադիր տնօրեն Արմեն Շահնազարյանը ներկայացրել է ընկերության հետ փոխգործակցության արդյունքում արձանագրված աճը ստացված ապահովագրական հայտերի և կնքված վկայագրերի առումով և նշել համագործակցության ընդլայնման հնարավորության մասին։
Մագնուս Նիգշեն շնորհակալություն է հայտնել հանդիպման համար, հակիրճ ներկայացրել ընկերության թիրախային գործունեությունը, նշել, որ հետազոտում են Հայաստանի ներքին ապահովագրական շուկան և պատրաստ են աջակցելու դրա կայացմանը։
Կողմերը խոսել են նաև պետություն-մասնավոր հատված փոխգործակցության, ԵԱՏՄ և ԵՄ ու այլ երկրներ տեղական արտադրանքի արտահանման խթանման, ֆինանսական հոսքերի թափանցիկության և աշխատանքների հրապարակայնացման ու մի շարք այլ հարցերի մասին։
ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալներով, 2017 թվականին Հայաստանի արտաքին առևտրի շրջանառությունն աճել է 26.9%, որի կազմում արտահանման ծավալներն աճել են տարեկան 25.2%: Մեկ տարի առաջ, 2016 թվականին արտաքին առևտրի շրջանառությունն աճեր էր 20%, այդ թվում, արտահանումն աճել էր 7.4%: 2018 թվականի հունվար-հուլիս ամիսներին Հայաստանի արտաքին առևտրային շրջանառությունն աճել է 26.8%, իսկ արտահանման ծավալը`17.3%, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ համապատասխանաբար աճելով`26% և 21.6%:
Նշենք, որ «Հայաստանի արտահանման ապահովագրական գործակալությունե ԱՓԲԸ-ն հիմնադրվել է Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ 2013 թվականի հոկտեմբերի 23-ին արտահանմանն ուղղված արդյունաբերական քաղաքականության շրջանակներում: Ընկերությունը տրամադրում է ապահովագրություն ՀՀ ռեզիդենտ արտահանող Ընկերությունների կողմից մատակարարված ապրանքի դիմաց օտարերկրյա գնորդի կողմից կամ պայմանագրով նրա անունից վճարման պարտավորություն ունեցող բանկի կողմից չվճարման հետևանքով կրած ֆինանսական վնասներից: Մատուցվող ապահովագրական ծառայությունները հանդիսանում են արդյունավետ լուծում հաճախորդների արտահանման ռիսկերի կառավարման համար: Ընկերության միակ բաժնետերը Հայաստանի Հանրապետությունն է:-