Արմինֆո.Սինգապուրի տնտեսական հրաշքը կիրառելի չէ Հայաստանի համար, օգոստոսի 10-ին լրագրողների հետ զրույցում հայտարարել է ՀՀ ՊԵԿ ղեկավար Դավիթ Անանյանը: Ավելի վաղ ՀՀ ՊԵԿ ղեկավարությունը եղել է Սինգապուրում՝ ուսումնասիրելու <սինգապուրյան ֆենոմենը> և դրա հնարավոր կիրառումը Հայաստանում:
Ներկայումս, ինչպես հայտնել է Դավիթ Անանյանը, ՀՀ կառավարությունն աշխատում է հարկային բարեփոխման շուրջ և պատրաստ է քննարկել առաջարկվող բոլոր տարբերակները: Դրանք, ինչպես նշել է Անանյանը, պետք է բաժանել երեք խմբի. կարճաժամկետ /ուղղակի հարկերի գծով՝ եկամտահարկի բեռի նվազում/, որոնք ենթակա են անհապաղ քննարկման և խորհրդարանի հավանությանը ներկայացման, որպեսզի արդեն հաջորդ տարվա սկզբին ապահովվի դրանց ուժի մեջ մտնելը: Միջինժամկետ բարեփոխումներ, որոնք նախատեսում են հարկման այլընտրանքային համակարգերի՝ 5-ից մինչև 3 կրճատում: Չնայած այն բանին, որ այսօր դրանք կարող են քննարկման առարկա լինել՝ օրենսդիր մարմնին կներկայացվեն միայն 2019 թ. աշնանը: Եվ երրորդ խումբը՝ երկարաժամկետ բարեփոխումներն են, ինչպես՝ երկրի ողջ բնակչության գույքի և եկամուտների համատարած հայտարարագրումը:
Միաժամանակ, ինչպես նշել է ՊԵԿ ղեկավարը, Հայաստանի կառավարությունը՝ ի դեմս Պետեկամուտների կոմիտեի ղեկավարության, <լավագույն> հարկային համակարգը և լավագույն փորձ գտնելու նպատակով անցած շաբաթ փորձել է տեղում ծանոթանալ <սինգապուրյան հրաշքին>: <Եթե ինչ-որ մեկը հարցնի, թե հնարավոր է արդյոք այդ պրակտիկայի կիրառոմը Հայաստանի հարկային համակարգում, միանշանակ կպատասխանեմ՝ ոչ>,- հայտարարել է նա:
Խնդիրը, ինչպես հայտարարել է ՊԵԿ ղեկավարը, առաջին հերթին հարկեր վճարելու բնակչության պատրաստակամության բացակայությունն է: <Սինգապուրի քաղաքացու նշանաբանը հետևյալն է՝ <Մեր ազգը, մեր հարկերը>: Քանի դեռ մենք չենք սեփականաշնորհել այդ մոտեցումը, մենք չեն կարողանա կիրառել այդ մեթոդաբանությունը>,- ընդգծել է նա: Բացի այդ, նրա խոսքով, Սինգապուրում բոլոր պրեզենտացիոն նյութերի առաջին նախադասությունը սկսվում է այսպես. «Մենք ունենք այնպիսի կանխավարկած, որ բոլոր հարկ վճարողները ճշգրիտ կատարում են իրենց հարկային պարտավորություններըե: Մեզ մոտ այդպես չէ․մենք ունենք այնպիսի կանխավարկած, որ բոլոր հարկ վճարողները ցանկություն ունեն որևէ ձևով խուսափել հարկ վճարելուց: Դա, ինչպես ընդգծել է Անանյանը, համապատասխան մշակույթի լիակատար բացակայության հետևանք է: Դա, նրա խոսքով, Խորհրդային Միությունից եկած ժառանգություն է՝ <պետությանը խաբելը հարգանքի է արժանի>:
Այսօր, ինչպես հայտարարել է ՊԵԿ ղեկավարը, նման ոլորտներից մեկը, որտեղ հարկեր վճարելուց խուսափելու մշակույթ է ձևավորվել, մշակույթի ոլորտն է: <Օրինակ, ունենք սիրված երգիչ և երգչուհիներ, նրանք գրում և կատարում են հայրենասիրական երգեր, բայց նրանցից որևէ մեկը մինչև հիմա տարեկան եկամուտների հայտարարագիր չի ներկայացրել>,- ասել է ՊԵԿ ղեկավարը՝ ընդգծելով, որ համապատասխան հայտարարագիր է ներկայացրել միայն կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանը: