
Արմինֆո. Վրաստանի տարածքով բեռնատարներով ցորենի և ալյուրի փոխադրման արգելքի կիրառումը երկարաձգվել է մինչը տարեվերջ: Այս մասին ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացրել է Հայաստանում Վրաստանի դեսպանությունը: Ավելի վաղ այդ ժամկետը սահմանվել էր մինչև այս տարվա հոկտեմբերի վերջը: Տեղեկացվում է նաև, որ այդ ընթացքում վրացական կառավարությունը փոփոխություններ կիրականացնի ավտոտրանսպորտային միջոցներով ցորենի և ալյուրի փոխադրումների արգելքի որոշման մեջ։
Նշենք, որ Վրաստանում հացահատիկ ներմուծողները լայնածավալ բողոքի ակցիա են կազմակերպել: Արգելափակելով Թբիլիսիի շրջաններից մեկում`Լիլոյում գտնվող ազատ տնտեսական գոտին, ցուցարարները պահանջում են վերանայել կառավարության որոշումը, որով արգելք է դրվում ավտոտրանսպորտով ներմուծվող հացահատիկի վրա:
Ըստ Ռուսթավի 2 ընդդիմադիր հեռուստաալիքի, բողոքը շարունակվում է արդեն երկրորդ օրը, իսկ ԱՏԳ աշխատանքը շարունակում է մնալ կաթվածահար: Ցուցարարները խոստանում են կազմակերպել Վրաստանի «իրական շրջափակում», կաթվածահար անելով երկրի բոլոր կենտրոնական մայրուղիները, եթե երկրի իշխանությունները մինչև սեպտեմբերի 19-ի երեկոն չեղյալ չհայտարարեն վերոհիշյալ որոշումը:
Բողոքի մասնակիցների հայտարարության համաձայն, վրացական իշխանություններն այդ որոշումով 25 հազար մարդ թողել են առանց աշխատանքի: Իսկ Հայաստանում գտնում են, որ այս նորարարությունը կհանգեցնի հացահատիկի մեկ տոննայի գնի 50 դոլարով աճին, իսկ մեկ կիլոգրամ ցորենը կթանկանա 25 դրամով: