Արմինֆո.ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանն այսօր ընդունել է Վերակառուցման և Զարգացման Եվրոպական Բանկի (ՎԶԵԲ) Տարածաշրջանային տնօրենների պատվիրակությանը:
Ինչպես տեղեկացրել է ՀՀ ԿԲ մամուլի ծառայությունը, ողջունելով հյուրերին՝ ԿԲ նախագահը նախ նշեց, որ կարևորում է նման ներկայացուցչական պատվիրակության այցը Հայաստան: Նա բարձր գնահատեց Հայաստանում ՎԶԵԲ բազմամյա գործունեության արդյունքները՝ նշելով, որ Հայաստանում իր գործունեության առաջին օրից ի վեր այն մեծ դեր է ունեցել մեր երկրի տնտեսության կայուն զարգացման խթանման գործում` ներդրումներ իրականացվելով տնտեսության իրական հատվածում՝ մասնավորապես այնպիսի ճյուղերում, ինչպիսիք են գյուղատնտեսությունը, էներգետիկան, տրանսպորտը, մունիցիպալ և բնապահպանական ենթակառուցվածքները, հեռահաղորդակցությունը և, իհարկե, ֆինանսական ոլորտը:
Կենտրոնական բանկի ներկայացուցիչները ներկայացրին գների և ֆինանսական կայունությանն ուղղված ԿԲ քաղաքականությունը, հիմնական գործիքները, գրանցված ցուցանիշները:
Հյուրերը նույնպես շնորհակալություն հայտնեցին ընդունելության համար և այն գործակցության համար, որ վերջին տարիներին ծավալվել է Հայաստանի և ՎԶԵԲ միջև: Նրանք շատ բարձր գնահատեցին ֆինանսական հատվածում վերջին տարիներին արձանագրված առաջընթացը և ողջունեցին ԿԲ ջանքերը՝ ուղղված ֆինանսական հատվածի զարգացմանն ու ֆինանսական կայունության ապահովմանը: Մասնավորապես, հյուրերի կողմից բարձր գնահատվեցին այս տարի Հայաստանում տեղի ունեցած քաղաքական զարգացումների ներքո ֆինանսական կայունությանն ուղղված ԿԲ գործադրած քայլերի արդյունավետությունը և ԿԲ թիմի մասնագիտական բարձր մակարդակը: Նրանք նշեցին նաև, որ Հայաստանի գործարար միջավայրը և ֆինանսական համակարգի զարգացվածության աստիճանը գրավիչ հիմք են ստեղծում կողմերի միջև ներկայիս գործակցության հետագա խորացման համար:
ԿԲ համապատասխան պաշտոնյաների կողմից ներկայացվեցին գների և ֆինանսական կայունությանն ուղղված ԿԲ քաղաքականության հիմնական սկզբունքներն ու գրանցված արդյունքները: Հանդիպման ընթացքում մտքերի փոխանակություն ծավալվեց՝ համատեղ ծրագրերի իրականացման վերաբերյալ: Պարոն Ջավադյանը հույս հայտնեց, որ Բանկը կշարունակի Հայաստանն ընդգրկել իր տարածաշրջանային ռազմավարական ծրագրերում, և հայտնեց երկկողմ գործակցությունը նույն կառուցողական ոճով շարունակական պահելու Կենտրոնական բանկի պատրաստակամության մասին: