Արմինֆո. ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Աշոտ Հակոբյանը հյուրընկալել է Եվրասիական զարգացման բանկի գործունեության համակարգման գծով տնօրեն Սերգեյ Ուլատովին և ներդրումային նախագծերի հարցով լիազոր ներկայացուցիչ Արմեն Պողոսյանին։
Ինչպես տեղեկացրել է նախարարության մամուլի ծառայությունը, հանդիպման ընթացքում քննարկվեցին երկկողմ համագործակցության խորացմանն ու ընդլայնմանը վերաբերող մի շարք հարցեր:
Կողմերը խոսեցին «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի» շուրջ գործակցության ու դրա հնարավոր շարունակականության մասին։
Նախարարը նշեց, որ ներկա կառավարության առաջնահերթություններից են ճանապարհաշինությունը և որակյալ ճանապարհային ենթակառուցվածքներ ունենալը, և «Հյուսիս-հարավ»-ը նույնպես այդ առաջնահերթությունների շարքում է։
Աշոտ Հակոբյանը նաև հայտնեց, որ Ասիական զարգացման բանկն արդեն իսկ պատրաստակամություն է հայտնել առաջիկայում ևս ներգրավված լինել ծրագրի իրականացման գործընթացում։
Հյուրերը նշեցին, որ ուրախ են դա լսել, որովհետև տարբեր դոնորների հետ ՀՀ կառավարության գործակցություններն այս ծրագրի շուրջ իրար հետ ուղիղ կապի մեջ են և որոշակիորեն նաև ԵԶԲ-ի հետ համագործակցության շարունակականության երաշխիք։
Հիշեցնենք, 556 կիլոմետր ընդհանուր երկարություն ունեցող «Հյուսիս–Հարավե միջանցքը ելք կապահովի դեպի Սև ծով և եվրոպական երկրներ Հայաստանի (Մեղրի–Կապան–Գորիս–Երևան–Աշտարակ–Գյումրի–Բավրա) և Վրաստանի տարածքներով։ 1 մլրդ դոլար արժողությամբ ներդրումային ծրագիրն նպատակաուղղված է Հայաստանի հյուսիսի (Վրաստանի հետ սահմանում) և հարավի (Իրանի հետ սահմանում) կապի ապահովմանը տրանսպորտային այնպիսի հաղորդակցությունների միջոցով, որոնք բավարարում են միջազգային բարձր չափանիշներն ու ելք են ապահովում դեպի համաշխարհային շուկաներ։ Ավտոճանապարհը կունենա բետոնե ծածկույթ: Նախագծի իրագործման համար Հայաստանը 500 մլն դոլարի վարկ է ներգրավել Ասիական զարգացման բանկից: Եվս 150 մլն դոլար կտրամադրի Եվրասիական զարգացման բանկը: Հայկական կողմը նախագծի իրացման համար նաև 60 մլն դոլար է ներգրավել Եվրոպական ներրդումային բանկից: Միջանցքի շինարարությունը նախատեսվում է լիովին ավարտել 2019 թվականին: «Հյուսիս-Հարավ» ծագրի առնչությամբ Հայաստանի կառավարությունը հաշվարկել է 2,5 դոլարի խնայողություն յուրաքանչյուր ուղևորի մեկ ժամվա երթևեկության և 1-ական դոլարի խնայողություն 1 տոննա բեռի փոխադրման 1 ժամվա համար: Ինչպես ակնկալում են Հայաստանի իշխանությունները, ծրագիրը թույլ կտա ապագայում մեղմել Ադրբեջանի և Թուրքիայի կողմից շրջափակման հետևանքները, ստանձնել տարանցիկ պետության դեր տարածաշրջանի երկրների բեռանփոխադրումներում, ինչպես նաև միանալ Սևծովյան օղակաձև ավտոմայրուղուն: