Երկուշաբթի, 1 Հոկտեմբերի 2018 11:38
Ալեքսանդր Ավանեսով

Երևանն ու Մոսկվան պայմանավորվել են ուժեղացնել փոխգործակցությունը  Հայաստանում ատոմային էներգետիկայի ժողովրդականացման գործում

Երևանն ու Մոսկվան պայմանավորվել են ուժեղացնել փոխգործակցությունը  Հայաստանում ատոմային էներգետիկայի ժողովրդականացման գործում

Արմինֆո. Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է «Ռոսատոմ» կորպորացիայի գլխավոր տնօրեն Ալեքսեյ Լիխաչովին: 

 

Ինչպես ԱրմԻնֆո-ին հաղորդեցին Հայաստանի կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, Նիկոլ Փաշինյանը կարևորել է Հայաստանի ու Ռուսաստանի միջև էներգետիկայի ոլորտում համագործակցության հետագա զարգացումը և գոհունակություն հայտնել երկկողմ փոխգործակցության մակարդակից: Վարչապետը նշել է, որ ՀՀ կառավարությունը մեծապես կարևորում է երկրում ատոմային էներգետիկայի զարգացումը և հույս հայտնել, որ այդ ուղղությամբ փոխգործակցությունը ռուսական կողմի հետ առավել արդյունավետ կերպով կշարունակվի: Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ հայ-ռուսական հարաբերություններում ավարտվել է հետհեղափոխական անցումային փուլը, առկա է լիարժեք փոխըմբռնում և հավելել, որ ՀՀ կառավարությունը շահագրգռված է երկկողմ փոխգործակցության շարունակական ընդլայնմամբ ու խորացմամբ:

Զրուցակիցներն անդրադարձել են «Ռոսատոմ»-ի հետ համագործակցությամբ իրականացվող ՀԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման աշխատանքների ընթացքին:

 

Ալեքսեյ Լիխաչովը նշել է, որ աշխատանքներն ընթանում են ըստ սահմանված ժամանակացույցի և հավելել, որ ՀԱԷԿ-ի ծրագիրն էներգետիկ ոլորտում երկու պետությունների համագործակցության կարևորագույն ծրագրերից մեկն է: Այնուհետև «Ռոսատոմ»-ի գլխավոր տնօրենը վարչապետին է ներկայացրել աշխատանքների միջանկյալ արդյունքները, անդրադարձել հետագա անելիքներին: «Ռոսատոմի՚ մամուլի ծառայության հաղորդման համաձայն, նա հաղորդել է, որ ռուսական պետական կորպորացիան աննախադեպ սեղմ ժամկետում արդիանակացնում է ՀԱԷԿ երկրորդ էներգաբլոկը: «Հասկանալով ԱԷԿ կարևոր դերը երկրի համար, «Ռոսատոմ՚ պետական կորպորացիան առաջնային նշանակություն է տալիս նախագծին` դրանում ներդնելով իր ողջ գործնական փորձը՚, - հավելել է Լիխաչովը:

 

Կողմերը մտքեր են փոխանակել նաև Հայաստանում ատոմային էներգետիկայի զարգացման հեռանկարների շուրջ, քննարկել են համագործակցությունը հումանիտար ոլորտում և Հայաստանի ատոմային ճյուղի կադրերի պատրաստման գործում,  պայմանավորվել են ուժեղացնել փոխգործակցությունը Հայաստանում ատոմային էներգետիկայի ժողովրդականացման գործում: