Արմինֆո. Վարկային ծառայությունների թվայնացման, այդ թվում`սքորինգային համակարգի ներդրման շնորհիվ, Ամերիաբանկը մինչև 2018 թվականի վերջը միայն թվայնացված հեռահար սպառողական վարկավորման շնորհիվ կապահովի ավելի քան 20 մլրդ դրամի պորտֆել (հուլիսի 1-ի դրությամբ սպառողական վարկերի պորտֆելի ընդհանուր ծավալը`45,4 մլրդ դրամ):
Այս մասին հայտարարել է Ամերիաբանկի մանրածախ բանկինգի գծով տնօրեն Արման Բարսեղյանը, նախօրեին կայացած առցանց մամուլի ասուլիսում, պարզաբանելով, որ սքորինգային համակարգը հաճախորդին հնարավորություն է տալիս հեռակա կապ հաստատել բանկի հետ և ստանալ վարկեր:
Ա.Բարսեղյանը շեշտել է, որ այս տարին շատ ակտիվ էր սպառողական վարկերի ոլորտում, մասնավորապես, արձանագրվել է պորտֆելի զգալի աճ, և այդ տեմպերը շարունակում են: Նա ավելացրել է, որ սպառողական վարկավորման աճի տեմպերի վրա ազդել են նաև Հայաստանում տնտեսական աճի տեմպերը:
ԱրմԻնֆո-ի կողմից պատրաստված` Հայաստանի բանկերի Ֆինանսական վարկանիշների 2018 թ. հուլիսի 1-ի արդյունքների համաձայն, Ամերիաբանկն իր հիմնական ցուցանիշներով շարունակում է մնալ շուկայի առաջատարը: Բանկի ակտիվները կազմել են 693,5 մլրդ դրամ (1,4 մլրդ դոլար, առաջին տեղ), տարեկան 6,2% աճ, վարկային ներդրումները`495,3 մլրդ դրամ (1.03 մլրդ դոլար, առաջին տեղ), տարեկան 17,9% աճով: Բանկի վարկային պորտֆելում տնտեսությանն ուղղված վարկերը կազմել են մոտ 84% կամ 415.5 մլրդ դրամ (861.5 մլն դոլար, 1-ին տեղ), տարեկան 13.3% աճով: Ամերիաբանկի ՓՄՁ վարկային պորտֆելը կազմել է 85.1 մլրդ դրամ (176.4 մլն դոլար, 2-րդ տեղ), իսկ բանկի ընդհանուր վարկային պորտֆելում կազմել են 17.2%, իսկ ոլորտում`12%: Բանկը տարեկան կտրվածքով 14% ավելացրել է ՓՄՁ-ի վարկային պորտֆելը: 2018 թվականի առաջին կիսամյակը բանկը եզրափակել է 5.9 մլրդ դրամի (12.3 մլն դոլար, 1-ին տեղ) զուտ շահույթով, ապահովելով տարեկան 77.4% աճ:
Նշենք, որ Ամերիաբանկը գործում է հայկական շուկայում 1996 թ հոկտեմբերի 31-ից: 2018 թվականի հուլիսի 1-ի դրությամբ Ամերիաբանկի բաժնետերերն են`Ամերիա Գրուպ CY ltd. - 56.6%, ՎԶԵԲ - 17.8%, Ասիական զարգացման բանկ - 13.98%, ESPS Holding Limited- 11.62%: Ամերիաբանկn wuni 16 մասնաճյուղ, որից 10-ը մայրաքաղաքում, իսկ 6-ը Հայաստանի մարզերում: