Արմինֆո.2018թվականի հոկտեմբերի 22-ին IDBank-ն իրականացնելու է անվանական արժեկտրոնային պարտատոմսերի տրանշ 6-ի թողարկումը։
Ինչպես տեղեկացրել է մամուլի ծառայությունը, 6-րդ թողարկման պարտատոմսերի ժամկետայնությունը 2 տարի 3 ամիս է, իսկ արժեկտրոնի տոկոսադրույքը՝ տարեկան 5,25%, որը նախկին տրանշերի դեպքում վճարվում էր 6-ամսյա պարբերականությամբ, 6-րդ թողարկման պարտատոմսերի դեպքում հաճախորդների խնդրանքով վճարվելու է եռամսյակային պարբերականությամբ՝ թվով 9 վճարումով։
«IDBank-ը հաճախորդներին ներդրումները դիվերսիֆիկացնելու հնարավորություն է տալիս։ Պարտատոմսերը համարելով առավել ճկուն գործիք՝ մենք մեր հաճախորդներին առաջարկում ենք բազմապատկել եկամուտները ոչ միայն ավանդային կամ խնայողական հաշիվներով, այլ նաև պարտատոմսերով։ Այս պահին IDBank-ը պարտատոմսերի շուկայում ամենաակտիվ խաղացողներից է և հավակնում է պահպանել և էլ ավելի բարձրացնել դիրքերը։ Ընդ որում, պետք է նշել, որ մենք որոշեցինք շարունակել պարտատոմսերի թողարկումը շուկայում առկա պահանջարկի արդյունքում․ IDBank-ի պարտատոմսերի տեղաբաշխումը, որպես կանոն, ավարտվում է ժամկետից շուտ»,- իր խոսքում նշել է Բանկի վարչության նախագահի ժամանակավոր պաշտոնակատար, ֆինանսական տնօրեն Ռուբեն Մելիքյանը։
Պարտատոմսերի տեղաբաշխումը նախատեսվում է ավարտել մինչև ս.թ. դեկտեմբերի 28-ը: Պարտատոմսերը ցուցակվելու են «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ ֆոնդային բորսայում և մշտապես գնանշվելու են շուկա ստեղծողի (Marketmaker) միջոցով։
IDBank-ի անվանական արժեկտրոնային պարտատոմսերը կարելի է ձեռք բերել 22.10.2018թ.-ից մինչև 28.12.2018թ.-ը IDBank-ի ցանկացած մասնաճյուղում։
Նշենք նաև, որ անվանական պարտատոմսերով ներգրավված դրամական միջոցները համարվում են երաշխավորված բանկային ավանդ և երաշխավորված են «Ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամի» կողմից:
Նշենք, որ Անելիք Բանկը 2018 թվականի մայիսի 30-ին հայտարարեց իր ռեբրենդինգի մասին, որի արդյունքում բանկի նոր անվանումն է`ԱյԴիԲանկ: Անելիք Բանկը հայկական շուկայում գործում է 1996 թվականի հոկտեմբերից: 2016 թվականի նոյեմբերին իրականացված լրացուցիչ թողարկմից հետո Բանկի բաժնետերերի կազմը փոխվեց, միացավ կիպրոսյան FISTOCO LTD ընկերությունը, 59.68% բաժնեմասով, ինչը նվազեցրել նախկին բաժնետերերի մասնաբաժինը, դեմս Լիբանանյան ԿրեդիտԲանկ S.A.L ի, 100%-ից մինչև 40.32%: Բանկն ունի 14 մասնաճյուղ, որից 8-ը մայրաքաղաքում:-