Արմինֆո. ՀՀ գյուղատնտեսության նախարարի պաշտոնակատար Գեղամ Գևորգյանը հոկտեմբերի 23-ին հյուրընկալել է Հայաստանում Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի ղեկավար Դմիտրի Գվինդաձեին։ Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանում ՎԶԵԲ-ի առաջնահերթություններն ու ռազմավարությունը, 2018-2019 թվականների ծրագրերը։
Ողջունելով հյուրին՝ Գեղամ Գևորգյանը կարևորել է ՎԶԵԲ-ի հետ համագործակցությունը և դրա ընդլայնման անհրաժեշտությունը։
ՀՀ գյուղատնտեսության նախարարի պաշտոնակատարը տեղեկացրել է, որ այժմ մշակվում է գյուղատնտեսության քաղաքականության մատրիցան, որը հենք կհանդիսանա երկարաժամկետ ռազմավարության համար։ Գեղամ Գևորգյանը շեշտել է, որ այն խարսխված է լինելու նաև մինչև այժմ իրականացված ծրագրերի և մարտահրավերների վրա և նպատակաուղղված է լինելու իրապես արդյունավետ, նոր տեխնոլոգիաներով հագեցած, գիտելիքահեն գյուղատնտեսության զարգացմանը։
«ՎԶԵԲ-ի հետ համագործակցությունն այդ քաղաքականության մեջ իր ուրույն տեղն ունի և կարծում եմ՝ կունենանք համագործակցության լայն շրջանակ՝ համատեղ իրականացնելու այն ծրագրերն ու ուղենիշները, որոնք սահմանել ենքե,- նշել է Գեղամ Գևորգյանը։
Դմիտրի Գվինդաձեն իր հերթին կարևորել է գյուղատնտեսության ոլորտում համագործակցությունը խթանելու անհրաժեշտությունը՝ հաշվի առնելով ոլորտի դերը Հայաստանի տնտեսության համար։
ՎԶԵԲ-ի ներկայացուցիչը ներկայացրել է բանկի ընթացիկ վարկային պորտֆելը, համագործակցության հիմնական ուղղությունները, կիրառվող ֆինանսավորման գործիքները և նախատեսվող ծրագրերի շրջանակը՝ շեշտադրելով առկա ներուժի առավել արդյունավետ իրացման հնարավորությունը՝ մասնավորապես մասնավոր ներդրումնային ծրագրերի ֆինանսավորման միջոցով։
Կողմերը մտքեր են փոխանակել նաև օտարերկրյա ներդրումների ներգրավման, փոքր ու միջին ագրոբիզնեսների զարգացման, պետություն-մասնավոր հատված համագործակցությամբ ծրագրերի իրականացման, մրցակցության խթանման, ինչպես նաև երկուստեք հետաքրքություն ներկայացնող մի շարք այլ հարցերի շուրջ։