Արմինֆո. ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի պաշտոնակատար Գարեգին Բաղրամյանը հոկտեմբերի 30-ին աշխատանքային այցով եղել է Հայկական ատոմային էլեկտրակայանում (ՀԱԷԿ), ծանոթացել ընթացիկ աշխատանքներին, արտադրատնտեսական գործունեության արդյունքներին, ինչպես նաև 2-րդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման նպատակով իրականացվող միջոցառումների ընթացքին։
Ինչպես տեղեկացրել է նախարարության Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին, Գարեգին Բաղրամյանը շրջայց է կատարել կայանում, եղել տուրբինային արտադրամասում, տեղում ծանոթացել վերանորոգման, արդիականացման աշխատանքներին և առաջիկա անելիքներին:
Այնուհետև նախարարի պաշտոնակատարի գլխավորությամբ ՀԱԷԿ-ում տեղի է ունեցել աշխատանքային խորհրդակցություն՝ ղեկավար անձնակազմի և հիմնական ստորաբաժանումների ղեկավարների ու աշխատակիցների մասնակցությամբ:
Քննարկման ընթացքում նախարարի պաշտոնակատարը տվել է մի շարք հանձնարարականներ, մասնավորապես, հորդորել է լինել հետևողական, որպեսզի ատոմակայանի արդիականացման ու վերազինման աշխատանքներն իրականացվեն պատշաճ կերպով և սահմանված ժամանակացույցին համապատասխան, անդրադարձել է աշխատակազմի օպտիմալացմանը վերաբերող հարցերին:
Հանդիպման ընթացքում ՀԱԷԿ-ի աշխատակիցներն իրենց հուզող հարցերն են ուղղել Գարեգին Բաղրամյանին, որոնց առնչությամբ տրվել են համապատասխան հանձնարարականներ:
Հիշեցնենք, որ պլանային վերանորոգման աշխատանքներից հետո օգոստոսի 1-ին
2-րդ էներգաբլոկի 4-րդ տուրբագեներատորը միացել է ՀՀ էներգահամակարգին: 4-րդ տուրբագեներատորի գործարկումն իրականացվել է տեխնիկական բոլոր պահանջներին համապատասխան: 3-րդ տուրբոագրեգատի արդիականացման աշխատանքները շարունակվում են, այն կգործարկվի և կմիացվի ՀՀ էներգահամակարգին, արդյունքում առավելագույն հզորությունը առանց վառելիքի ծախս ավելացնելու կաճի մինչև 400 ՄՎտ՝ ներկայիս 380 ՄՎտ-ի փոխարեն:
RUB | 4.22 | 0.04 |
USD | 388.60 | -1.44 |
EUR | 416.73 | 1.10 |
GBP | 485.98 | 4.24 |
CAD | 284.02 | -0.58 |
JPY | 24.99 | -0.21 |
CNY | 53.63 | -0.19 |
CHF | 425.54 | -2.14 |