Արմինֆո. «Հայաստանում քննարկվում է փոքր հէկերի պրակտիկան: Եվ մենք տեսականորեն գիտենք, որ փոքր հէկերը դարձել են չարաշահման մի հսկա արեալ և տիրույթ՚, - հայտարարել է վարչապետի պաշտոնի թեկնածու Նիկոլ Փաշինյանը` նոյեմբերի 1-ին Ազգային ժողովում իր ելույթում
«Ես ուզում եմ ձեզ օրինակ ներկայացնել, որ մենք վերջերս ստուգումներ ենք իրականացրել Հայաստանում գործող 188 փոքր հէկերից 150-ում: Եվ նրանց 95 տոկոսում, խնդրում եմ թվին ուշադրություն դարձրեք, ի հեճուկս օրենքի պահանջի՝ ջրաչափ տեղադրված չէ: Փոքր հէկերը պետք է ունենան ջրաչափ, որպեսզի տեսնենք, թե իրենց տրված ջրօգտագործման թույլտվության ծավալներում են իրենք աշխատում, թե՝ ոչ: Եվ 95 տոկոսում ջրաչափ տեղադրված չէ: Սա խայտառակ երևույթ է, ավելին ասեմ, այդ փոքր հէկերի մեծ մասում տեղադրված են այնպիսի գեներատորներ, որոնք չեն համապատասխանում լիցենզիայի պահանջներին: Այսինքն, մենք տվել ենք 100 լիտր ջուր օգտագործելու թույլտվություն, որի օգտագործման արդյունքում պետք է տեղադրվեր այնպիսի գեներատոր, որը պետք է X քանակի էլեկտրաէներգիա արտադրեր: Բայց մենք ունենք մի իրավիճակ, երբ վերցվում է ավելի շատ ջուր ավելի հզոր գեներատոր օգտագործելու համար, ավելի շատ էլեկտրաէներգիա ստանալու համար, որը ըստ էության, ոչ միայն մեր ջրային բալանսի խախտման է բերում, այլ նաև պետական եկամուտների կորստի, որովհետև եթե ջրաչափ չկա, մենք չգիտենք այդ մարդը որքան ջուր օգտագործեց: Մենք հիմա պետք է աշխատենք բաց թողնված եկամուտը վերականգնելու ուղղությամբ: Կառավարության նիստում էլ եմ ասել, չպետք է այս առիթն օգտագործելով գնանք սեփականության վերաբաշխում անելու, այս մեկից վերցնելով՝ այն մեկին տալով, մենք այդ ճանապարհով չպետք է գնանք: Սեփականության վերաբաշխում Հայաստանի Հանրապետությունում չկա և չի լինելու, բայց մենք պետք է հանգիստ, հանդարտ պայմաններում այս բոլոր հարցերը քննարկենք և պետության ու ժողովրդի շահերը վերականագնենք: Ես արդեն չեմ խոսում բնապահպանական խնդիրների մասին, որ այսօր Հայաստանում տեսնում ենք բազմաթիվ գետեր, որոնք դե յուրե կան բայց դե ֆակտո չկան: Սա դրա հետևանքն է: Անընդհատ տեսնում ենք, որ գյուղացիները բողոքում են, որ ոռոգման ջուր չկա, տեղ չի հասնում, սա դրա դրա հետևանքն է: Նաև բոլոր հիդրոկայանները, փոքր հէկերը պետք է ձկնուղիներ ունենան, որպեսզի կենդանական աշխարհի բնական արտադրության պրոցեսը չխաթարվի, բայց ըստ էության, այդ ձկունղիներն այդ 95 և ավելի մեծ տոկոսում կամ չկան, կամ չեն համապատասխանում ստանդարտներին: Այսինքն, ինչ որ մի բան արել են, որ հանձնաժողովին ցույց տան, բայց ձուկն այդտեղով չի կարող անցնել և այսպես շարունակ՚, - հայտարարել է Նիկոլ Փաշինյանը:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 24-ին ԱԺ-ն առաջին ընթերցմամբ փոփոխություն է կատարել Ջրային օրենսգրքում, որոնք նպատակաուղղված են փոքր ՀԷԿ-երի կառուցման և շահագործման կանոնների խստացմանը: Ավելի վաղ ԱրմԻնֆո-ն հաղորդել էր, որ փոքր ՀԷԿ-երի հետազոտման նպատակով ձևավորվել է աշխատանքային խումբ, և հետազոտության արդյունքների հիման վրա կկայացվեն լուրջ որոշումներ: Այժմ Հայաստանում գործում է 186 փոքր ՀԷԿ, որոնք արտադրում են երկրում արտադրվող ողջ էլեկտրաէներգիայի 19-20 տոկոսը: Հայաստանի կառավարությունը շահագրգռված է փոքր հիդրոէներգետիկայի օբյեկտների զարգացմամբ, սակայն` ոչ ի վնաս շրջակա միջավայրի:
Ավելի վաղ ջրային ռեսուրսների հայտնի մասնագետ Քնարիկ Հովհաննիսյանն ԱրմԻնֆո-ի թղթակցի հետ զրույցում հայտարարել էր, որ նոր փոքր ՀԷԿ-երի շահագործման հանձնումը բացասաբար կանդրադառնա Հայաստանի ջրային ռեսուրսների պաշարների վրա: Նա փաստել էր, որ իրականում ՀԷԿ-երն էներգիայի էկոլոգիապես ամենաանվտանգ աղբյուրներն են, քանի որ տեղի է ունենում միայն ջերմային աղտոտում: Սակայն, էկոլոգի ասելով, տեղադրման և շահագործման կանոնների խախտումը հանգեցնում է կործանարար հետևանքների` ընդհուպ ջրային ռեսուրսների սպառման: