Արմինֆո. Հայաստանի էլեկտրական ցանցերը մտադիր են առաջիկա տարիներին օպտիմալացնել աշխատակիցների թիվը: Այս մասին նոյեմբերի 5-ին ՀՀ խորհրդարանի էլեկտրաէներգիայի և գազի սակագների հանձնաժողովի նիստում կայացած քննարկումների ընթացքում հայտնել է ՀԷՑ գլխավոր տնօրեն Կարեն Հարությունյանը:
Նրա խոսքերով, ընկերության աշխատակիցների թիվը նախատեսվում է 7800-ից կրճատել մինչև 6140-ը: Միևնույն ժամանակ, «Տաշիր» ընկերությունների խմբի սեփականատերն իրականացնում են սոցիալական ուղղվածություն ունեցող հստակ քաղաքականություն: Այն աշխատակիցները, ովքեր կկրճատվեն, առնվազն 1 տարի կստանան 100% աշխատավարձ, իսկ հաջորդ տարի`50% -ի չափով: Բացառված չէ, որ կրճատված աշխատակիցներն աշխատանքով կապահովվեն Հայաստանի էներգետիկ հատվածի համար սարքավորումներ արտադրող նոր ձեռնարկություններում, այդ թվում նաև էլեկտրաէներգիայի հաշվիչներ արտադրող ձեռնարկությունում: Բացի այդ, ընկերությունն իր շահույթի հաշվին էլեկտրաէներգիա է վաճառում բնակչության 115 հազար սոցիալապես անապահով խավերին, սահմանվածից 10 դրամ ցածր սակագնով:
Ավելի վաղ ԱրմԻնֆո գործակալությունը տեղեկացրել էր, որ «Տաշիր» ընկերությունների խմբի ներդրումային ծրագրի ընդհանուր արժեքը Հայաստանում կկազմի 1 միլիարդ դոլար, որից 700 միլիոնը կուղղվի ցանցի արդիականացմանը, 240 միլիոն դոլար`Շնողի ՀԷԿ-ի կառուցմանը, իսկ մնացածը`էլեկտրաէներգիայի սարքավորումների արտադրության ձեռնարկությունների ստեղծմանը, որոնք օգտագործվելու են ոչ միայն Հայաստանում, այլև «Տաշիր» ընկերությունների խմբի Ռուսաստանի Դաշնությունում գտնվող մյուս էներգետիկ օբյեկտներում:
«Տաշիր» ընկերությունների խումբը, որը գլխավորում է ռուսաստանցի խոշոր գործարար Սամվել Կարապետյանը, և «Ինտեր ՌԱՕ» ընկերությունը 2015 թվականի սեպտեմբերի 30-ին ստորագրել են Հայաստանի Հանրապետությունում ռուսական էներգահոլդինգի էլեկտրաէներգետիկ ակտիվների` ՀԷՑ և Հրազդանի ՋԷԿ առքուվաճառքի շուրջ պայմանագիր: Ընկերության վաճառքի պատճառ դարձավ էլեկտրաէներգիայի սակագների, սպառողների կարծիքով, չհիմնավորված 16,7% (6,93 դրամ 1 կՎտ.ժ դիմաց) բարձրացման հետևանքով հասարակական ընդվզումը, որը զսպելու նպատակով Հայաստանի իշխանությունները համաձայնեցին անցկացնել սակագների բարձրացման վերաբերյալ ՀԾԿՀ որոշման և ՀԷՑ գործունեության աուդիտ: Բացի այդ, երկրի իշխանությունները որոշեցին սուբսիդավորել բարձրացված սակագինը բնակչության և փոքր ու միջին ձեռներեցության համար` մինչև աուդիտի ավարտը: ՀԷՑ-ն ստեղծվել է 2002 թվի մայիսին` էլեկտրաէներգիայի բաշխման և իրացման չորս պետական տարածաշրջանային ընկերությունների միաձուլման արդյունքում: Ցանցերի ընդհանուր երկարությունը կազմում է 36 հազար կմ: Ընկերությունն սպասարկում է շուրջ 985 000 սպառողի: ՀԷՑ ՓԲԸ-ն ունի ՀՀ տարածքում էլեկտրաէներգիայի հաղորդման և բաշխման բացառիկ լիցենզիա, երաշխավորված սակագները հաշվարկվում են` ելնելով ընկերության ծախսերից և կարգավորում են ներդրված կապիտալի վերադարձման տոոկսադրույքները:
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ն հիմնադրվել է 2002 թ. մայիսին `չորս պետական ցանցերի`«Երևանի էլեկտրական ցանցեր», «Հյուսիսային էլեկտրական ցանցեր», «Հարավային էլեկտրացանցեր» և «Կենտրոնական էլեկտրական ցանցեր» ընկերությունների միավորման արդյունքում: Ընկերության հիմնական գործունեությունը էլեկտրաէներգիայի կարգավորումն է, ինչպես նաև բաշխումն ու վաճառքը: Ցանցի ընդհանուր երկարությունը կազմում է 36 հազար կմ: Ընկերությունն սպասարկում է շուրջ 985,000 սպառողի: «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ն ունի Հայաստանի Հանրապետության տարածքում էլեկտրաէներգիայի փոխանցման և բաշխման բացառիկ լիցենզիա, երաշխավորված սակագներով, ելնելով ընկերության ծախսերից և ներդրված կապիտալում կարգավորվող եկամտաբերությունից: