ԱրմինֆոՎարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն աշխատանքային ընթրիք է ունեցել Հայաստանի խոշոր գործատուների և խոշոր հարկ վճարող ընկերությունների ղեկավարների հետ:
Ինչպես ԱրմԻնֆո-ին հաղորդեցին կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, քննարկվել են երկրում ներդրումային միջավայրի բարելավմանը, օրենսդրական կարգավորումներին, հարկային ոլորտում բարեփոխումներին, կոռուպցիայի դեմ պայքարին, հայկական արտադրանքի արտահանման ծավալների մեծացմանը, տեղական արտադրողի շահերի պաշտպանությանը վերաբերող տարբեր հարցեր:
Գործարարները ողջունել են կառավարության տնտեսական քաղաքականությունը, մասնավորապես, Հարկային օրենսգրքում նախատեսվող փոփոխությունները, այդ թվում՝ եկամտահարկի նվազեցման ուղղությամբ: Նրանք ընդգծել են, որ հարկային դաշտի պարզեցմամբ կարևոր լուծումներ են տրվում բիզնեսի համար առկա տարբեր խնդիրներին, ինչը դրական ազդեցություն կունենա երկրում տնտեսության զարգացման և ներդրումային ծրագրերի իրականացման վրա:
Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ այն նպատակները, որոնք կառավարությունը դրել է իր առաջ, առանց բիզնեսի արձանագրած հաջողությունների՝ իրականություն չեն դառնա, և գործադիրը շահագրգիռ է գործարարների հաջողություններով: Վարչապետի պաշտոնակատարը կարևորել է բիզնես հանրության հետ ակտիվ երկխոսությունն ու փոխգործակցությունը և հավելել, որ կառավարության քայլերն ուղղված են աշխատանքը և նոր արդյունք ստեղծելը խրախուսելուն, հնարավորություններն առավել հանրամատչելի դարձնելուն: Նիկոլ Փաշինյանը հույս է հայտնել, որ կառավարության գործունեության ընթացքում հարկ վճարողների եկամուտները կավելանան, նրանք կարձանագրեն նոր հաջողություններ և արդյունքում կավելացնեն պետությանը վճարվելիք հարկերը:
Զրուցակիցները ներդրումային միջավայրի առողջացման առումով կարևորել են կոռուպցիայի դեմ պայքարի ուղղությամբ իրականացվող քայլերը և համոզմունք հայտնել, որ այն կնպաստի երկրում տնտեսական ակտիվության բարձրացմանն ու ամրապնդմանը:
RUB | 4.26 | 0.00 |
USD | 387.73 | -0.19 |
EUR | 417.55 | -0.28 |
GBP | 486.33 | -1.48 |
CAD | 283.43 | -0.24 |
JPY | 25.10 | -0.12 |
CNY | 53.72 | -0.10 |
CHF | 427.39 | -0.92 |