Արմինֆո. Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը (ՎԶԵԲ) շահագրգռված է Հայաստանի էներգիայի վերականգնվող աղբյուրների ոլորտում նոր նախագծերի իրագործմամբ: Այդ մասին հայտարարել է ՎԶԵԲ Երևանի գրասենյակի ղեկավար Դմիտրի Գվինդաձեն` նոյեմբերի 14-ին մեկնարկած «Հայաստան-2018 էներգետիկ շաբաթի՚ (ArmEnergyWeek) հարթակներում ԱրմԻնֆո-ի թղթակցի հետ զրույցում:
Նա նշել է, որ Հայաստանում բանկի գործունեության առաջնային ուղղություններից է ֆինանսական հատվածը, հաշվի առնելով հանգամանքը, որ ՎԶԵԲ գործընկերների ցանցը ներառում է Հայաստանի բանկային համակարգի 2/3-ը: Եվ, այդուհանդերձ, ինչպես ընդգծել է Դ.Գվինդաձեն, Հայաստանի հետ համագործակցության առանցքներից մեկը էներգետիկ ոլորտն է: Այդ համատեքստում ՎԶԵԲ Երևանի գրասենյակի ղեկավարը նշել է, որ համագործակցում է ՀԷՑ հետ, բանկը համաֆինանսավորում է 55 ՄՎտ հզորությամբ արդյունաբերական նշանակության «Մասրիկ-1» արևային էլեկտրակայանի կառուցման նոր նախագիծը, որը, ՎԶԵԲ ներկայացուցչի ասելով, նմանօրինակ առաջին նախագիծն է ոչ միայն Հայաստանում, այլև ողջ տարածաշրջանում: «Այսօրվա միջոցառման նպատակը նոր նախագծերը որոշելն է, որոնք կառավարությունը մտադիր է ներկայացնել Էներգետիկ շաբաթի շրջանակում: Մենք, անշուշտ, շահգրգռված ենք, քանի որ արդեն ֆինանսավորում ենք ԷՎԱ ոլորտի նախաձեռնություններ: Այսինքն, մեզ համար դա ոչ թե ապագա է, այլ` ներկա: Իհարկե, մենք կշարունակենք աշխատել այդ ուղղությամբ: Այնպես որ, ԷՎԱ անպայման կլինի մեր գերակայությունը՚, - ասել ՎԶԵԲ ներկայացուցիչը:
Պատասխանելով «Թալին-2՚ նոր նախագծին առնչվող հարիցին` Դ.Գվինդաձեն ընդգծել է, որ երբ քննարկումները հասնեն ավարտին, և սկսվի կոնկրետ որոշումների կայացման փուլը, ՎԶԵԲ-ը կքննարկի նախագիծը և կփորձի մասնակցել դրան:
Ընդհանուր առմամբ, անդրադառնալով Հայաստանում ՎԶԵԲ աշխատանքին, Դ.Գվինդաձեն ասել է, որ Հայաստանում բանկի ակտիվ պորտֆելը կազմում է շուրջ 300 մլն եվրո, իսկ երկրում գործունեության սկզբից ի վեր գործառնությունների ծավալը գերազանցել է 1 մլրդ եվրոն: «Մեր պորտֆելի շուրջ 90 տոկոը բաժին է ընկնում մասնավոր հատվածին: Դա է մեր բանկի տարբերությունը մյուս ֆինանսական կազմակերպություններից: Ամեն տարի մենք իրականացնում ենք 70-130 մլն եվրոյի գործառնություններ, և այս տարի, գործնականում, 100 տոկոսով կատարել ենք մեր ծրագիրը՚, - եզրափակել է նա:
Հիշեցնենք, որ ՀՀ Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարությունում հուլիսի 18-ին ստորագրվել է «Հայաստանում՝ Գեղարքունիքի մարզի Մեծ Մասրիկ համայնքում «Մասրիկ-1» արևային ֆոտովոլտային (ՖՎ) էլեկտրակայանի նախագծման, ֆինանսավորման, կառուցման, սեփականության իրավունքով տիրապետման և շահագործման մասին» ՀՀ կառավարության աջակցության համաձայնագիրը: Փաստաթուղթն ստորագրել են ՀՀ Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Արթուր Գրիգորյանը և «Ֆոտովատիո Ռենյուաբլ Վենչրս Բի.Վի.» (Fotowatio Renewable Ventures B.V) ընկերության տնօրեն Նիկոլա Ֆասքուելը:
«Մասրիկ-1» կայանը նախատեսվում է կառուցել Գեղարքունիքի մարզի Մեծ Մասրիկ համայնքում ամբողջությամբ մասնավոր ներդրումների ներգրավմամբ: Ընտրված տարածքում առկա են ժամանակակից հզոր ֆոտովոլտային կայան կառուցելու համար անհրաժեշտ բոլոր պայմանները: Կայանի հզորությունը թույլ կտա արտադրել տարեկան 120-150 մլն կՎտ·ժամ էլեկտրաէներգիա: 2015 թվականին Հայաստանի Հանրապետության և Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի միջև ստորագրվել էր դրամաշնորհային մի համաձայնագիր, որով սկիզբ դրվեց Արդյունաբերական մասշտաբի արևային էներգիայի ծրագրի մեկնարկին: Մրցույթի արդյունքում նվազագույն սակագնի առաջարկը ստացվել է Նիդերլանդներից «Ֆոտովատիո Ռենյուաբլ Վենչրս Բի.Վի.» (Fotowatio Renewable Ventures B.V) և Իսպանիայից «ԷֆԷսԷլ Սոլար Էս.Էլ.» (FSL Solar S.L.) համաշխարհային առաջատար ընկերություններից կազմված կոնսորցիումի կողմից: Առաջարկվող սակագնի չափն է 1կՎտ/ժ էլեկտրաէներգիայի դիմաց 0.0419 ԱՄՆ դոլար (առանց ԱԱՀ) կամ 20.11 դրամ, ինչը ռեկորդային ցուցանիշ է Հայաստանի էներգահամակարգի համար:
Հավելենք, որ Հայաստան - 2018 էներգետիկայի շաբաթը միակ միջոցառումն է, որն իրականացվում է Հայաստանի կառավարության հովանու ներքո` վերականգվող էներգիայի աղբյուրների ներուժի բացահայտման և արտասահմանյան ընկերությունների հետ համագործակցության հնարավորությունների վերաբերյալ: Ակնկալվում է, որ 15 երկրներից շուրջ 300 մասնագետներ կմասնակցեն ArmEnergyWeek- ին, սպասվում է, որ ելույթ կունենան 40 բանախոսներ:
Հիշեցնենք, որ ՎԶԵԲ-ն ինստիտուցիոնալ ներդրող է Հայաստանում, որտեղ բանկի գործունեության մեկնարկի պահից` 1992 թվականից ի վեր ներդրվել է ավելի քան 1.13 մլրդ եվրո` ֆինանսական, կորպորատիվ, ենթակառուցվածքային, էներգետիկ հատվածներում 157 ծրագրերի իրագործման գործում: