Արմինֆո. ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի պաշտոնակատար Տիգրան Խաչատրյանն ընդունել է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) հայաստանյան գրասենյակի ղեկավար Դմիտրի Գվինդաձեին։
Նախարարի պաշտոնակատարը, ողջունելով հյուրին, նշել է, որ ՎԶԵԲ-ի հետ համատեղ քննարկվել և գտնվել են լուծումներ մի շարք հարցերի, որոնք առնչվում են գործարար և ներդրումային միջավայրի բարելավմանը։
Դմիտրի Գվինդաձեն շնորհավորել է Տիգրան Խաչատրյանին նշանակման կապակցությամբ և ընդգծել, որ Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունը ՎԶԵԲ ամենակարևոր գործընկերներից է։ Հայաստանյան գրասենյակի ղեկավարը նախարարի պաշտոնակատարին է ներկայացրել Բանկի գործունության հիմնական ուղղությունները և տնտեսության այն ոլորտները, որտեղ ուղղվում են ՎԶԵԲ-ի ռեսուրսները։ Դմիտրի Գվինդաձեն և Տիգրան Խաչատրյանը քննարկել են պետություն-մասնավոր գործընկերության օրենսդրական փաթեթի շուրջ տարվող աշխատանքները, ճշգրտել փաստաթղթի հետ կապված հետագա քայլերը։
Նախարարի պաշտոնակատարը Դմիտրի Գվինդաձեի հետ քննարկել է նաև բիզնես հաշտարարի ինստիտուտի ներդրմանն առնչվող հարցեր, անդրադարձել միջազգային և տարածաշրջանային փորձին ու դրա արդյունավետությանը Հայաստանում։
Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են ՎԶԵԲ-ի Գործարարության աջակցման գրասենյակի գործունեության և դրա արդյունավետության բարձրացման հարցերին։
ՎԶԵԲ-ի հայաստանյան գրասենյակի ղեկավար Դմիտրի Գվինդաձեն հավաստիացրել է, որ նախարարությունը կարող է հույս դնել Բանկի վրա իր նախաձեռնություններում, որոնք միտված կլինեն գործարար միջավայրի բարելավմանը։ Հայաստանում ՎԶԵԲ-ի գործունեության սկզբից ի վեր, մասնավորապես՝ 1992-ից, բանկը 157 ծրագրերի իրականացմանը տարբեր ոլորտներին է ուղղել ավելի քան 1.13 միլիարդ եվրո, մասնավորապես՝ ֆինանսական, կորպորատիվ, ենթակառուցվածքների և էներգետիկայի ոլորտներին: Ընդ որում, այդ ներդրումների 88%-ն ուղղվել է մասնավոր հատվածին: