Արմինֆո. Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն ընդունել է գյուղտեխնիկայի արտադրությամբ զբաղվող լիտվական «Բելտեխնիկա» ընկերության ղեկավար Արմեն Հարությունյանին:
Ինչպես տեղեկացրել է ՀՀ կառավարության մամուլի ծառայությունը, քննարկվել են լիտվական ընկերության կողմից Հայաստանում գյուղատնտեսական տեխնիկայի արտադրություն հիմնելու ծրագրի իրականացմանը վերաբերող հարցեր:
Նիկոլ Փաշինյանը նշել է, որ ՀՀ կառավարությունը շահագրգռված է ներդրումային ծրագրի իրականացմամբ, նոր աշխատատեղերի ստեղծմամբ և գործադիրի քայլերն ուղղված են ներդրողների համար հնարավորինս բարենպաստ պայմանների ստեղծմանը:
Արմեն Հարությունյանը նշել է, որ նախատեսում են Հայաստանում արտադրել ժամանակակից գյուղտեխնիկա, որն իր գնով հասանելի կլինի գյուղարտադրողներին, ինչպես նաև կարտահանվի եվրոպական շուկա: Նշվել է, որ «Հայրէլեկտրոմաշ» գործարանի հիմքի վրա հիմնվելու է նոր գործարան. սկզբնական փուլում նախատեսվում է իրականացնել 5-7 մլն դոլարի ներդրում, այնուհետև երկրորդ փուլում կներդրվի ևս 10-15 մլն դոլար՝ նոր գործարանի հիմնման համար: Գործարարը տեղեկացրել է, որ ներդրումային ծրագրում ներգրավված թիմն արդեն դեկտեմբերի 1-ից սկսելու է այն կյանքի կոչելու ուղղությամբ աշխատանքները: Գործարանն առաջին փուլում պլանավորում է արտադրել տարեկան 3 հազար տրակտոր, իսկ երկրորդ գործարանը թույլ կտա ավելացնել արտադրությունը ևս 5 հազարով:
Նիկոլ Փաշինյանը ողջունել է նախաձեռնությունը և վստահություն հայտնել, որ այն հաջողությամբ կիրականացվի:
RUB | 4.22 | 0.00 |
USD | 388.08 | -0.52 |
EUR | 416.29 | -0.44 |
GBP | 485.57 | -0.41 |
CAD | 284.16 | 0.14 |
JPY | 24.75 | -0.24 |
CNY | 53.55 | -0.08 |
CHF | 425.34 | -0.20 |